Կազինո, պարսկական տոմատի մածուկ եվ իտալական պիցցա

Հոկտեմբերի սկզբին իր պաշտոնավարման մեկ տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, թե Մեղրիում առաջիկայում խաղատուն է կառուցվելու: Նա զարմանք էր հայտնել, թե ինչու մինչեւ հիմա որեւէ մեկի մտքով նման բան չի անցել: «Մեղրիում կազինոյի կառուցումը պարսկական շուկայի համար է։ Եթե այնտեղ կա մարդ, որ ուզում է գա, իր փողը դնի ու գնա, ինչո՞ւ դա չանենք։ Այնպես ստացվեց, որ արտերկրից մի քանի ներդրողների շահագրգռեցի, ովքեր հոկտեմբերի 15-ից հետո գալու են՝ տեղում ծանոթանալու տարածքին, նախագծին։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ մինչեւ այժմ այնտեղ կազինո չի կառուցվել։ Առաջարկել ենք 22 հարկանի շինություն, որը Մեղրիից դուրս է, 102 հյուրանոցային սենյակներով, նաեւ՝ ռեստորաններով: Մենք առաջարկել ենք նախագիծ, եթե արժանանա ներդրողների հավանությանը՝ շատ լավ, եթե ոչ՝ մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած նախագիծ»,- ասել էր մարզպետը:

Մենք կառուցվելիք խաղատան մասին Սյունիքի մարզպետարան հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե արդյո՞ք համապատասխան ներդրողները ծանոթացել են նախագծին, ինչ առաջարկներ են արվել, երբ է նախատեսվում սկսել կառուցումը, որքան է կազմելու նախագծի բյուջեն: Մեր հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը հայտնել է. «Բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, եւ առաջիկայում սպասվում է ներդրողների այցը մարզ»: Թե մասնավորապես որ երկրի ներդրողներին է հրապուրել հայաստանյան խաղատնային բիզնեսը՝ չի նշվել:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզը տնտեսապես աշխուժացնելու հարցը նոր չէ, որ կառավարության օրակարգում է: Այս տարվա օգոստոսի 3-ին կառավարությունը հաստատել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) ՓԲԸ ստեղծելու ծրագիրը: Ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը:

Նախօրեին էլ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մոտ ապագայում կստորագրվի ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր: Ըստ նախագահի, Իրանի հետ սահմանին՝ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտին մեծ հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ անդամ երկրների համար: «Իրանը մեծ շուկա է, 80 միլիոնանոց վճարունակ շուկա, որտեղ առկա է այն արտադրանքի անհրաժեշտությունը, որն արտադրվում է ԵԱՏՄ երկրներում»,- հաշվարկ է արել Սարգսյանը: Երեկ էլ, ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԻԻՀ-ի եւ Սյունիքի մարզի միջեւ գործարար կապերի խորացմանն ու ընդլայնմանը միտված մի շարք ծրագրեր: Առաջարկվել է պարսկական լոլիկի մածուկը ներկրել Մեղրու ազատ տնտեսական գոտի, տեղում հայկական տարբերակով փաթեթավորել եւ արտահանել այլ երկրներ: Սյունիքի մարզպետն իրանցի հյուրերին ներկայացրել է իտալացի գործընկերների հետ համագործակցության օրինակը՝ նշելով, որ իտալացի գործընկերը ցանկություն է հայտնել կիսաֆաբրիկատ պիցցան արտահանել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետություն: Հյուրերը ողջունել են մարզպետի առաջարկը: Սյունիքը, ինչպես տեսնում ենք, Իսրայել դառնալու ճանապարհին է:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X