Բաքո՞ւ, թե՞ Երեւան

«Յուքոմ» ցանցի հեռուստաալիքների մեջ «պտտվելիս» պատահաբար ընկնում եմ ռուսական ճամփորդությունների ինչ-որ ալիքի վրա՝ այն պահին, երբ Բաքվի մասին ռեպորտաժ է։ Հեղինակը ռուս լրագրող է։ Չգիտեմ քանի րոպե առաջ է սկսվել, բայց մոտ 40 րոպե ունկնդրում եմ այն զարմացած, հիացած, ոգեւորված պատմությունը, թե ինչ լավ քաղաք է Բաքուն, ինչքան գեղեցիկ է, հնի ու նորի ինչ հրաշալի համադրություն է, որտեղ գեղեցիկ է ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկը։ Պատմությունը՝ դեռ ոչինչ, կարելի էր չափազանցված համարել, եթե դա չուղեկցվեր շլացուցիչ պատկերներով ու կադրերով։ Բաքուն երբեւէ չտեսած մարդուն կարող էր թվալ, թե Ադրբեջանի մայրաքաղաքը Փարիզից ու Հռոմից ավելի գեղեցիկ, ավելի խաղաղ, զբոսաշրջիկների համար անչափ գրավիչ ու արկածներ խոստացող քաղաք է։ Ճամփորդությունների սիրահար մարդն անմիջապես կսիրահարվեր «Արեւելքի գեղեցկուհուն», արագ կվազեր մոտակա տուրիստական գործակալությունը եւ տոմսեր կպատվիրեր դեպի Բաքու։ Հաղորդումը դիտելիս մտովի համեմատություններ էի անում մեր Երեւանի եւ նրանց Բաքվի միջեւ։ Մտածում էի՝ ինչո՞ւ մերոնք այսպիսի ֆիլմեր չեն արտադրում, կամ ինչո՞ւ մեր գործընկեր ռուսներն այսքան սիրով ու խանդաղատանքով չեն ներկայացնում Երեւանը եւ ռուս զբոսաշրջիկներին չեն հրավիրում այցելել ԵԱՏՄ անդամ պետության մայրաքաղաք, որը հաստատ Բաքվին չի զիջում ո՛չ իր գեղեցկությամբ, ո՛չ հնամենիությամբ, ո՛չ հյուրընկալությամբ։ Իսկ գուցե պատճառները պետք է փնտրել քաղաքականությա՞ն մեջ․ մեզ հաճոյանալու կարիք ռուսները չունեն, իսկ ադրբեջանցիներին փորձում են իրենց դաշտ տանել՝ սիրաշահելով ու ծառայելով նրանց շահերին։ Իսկ գուցե մենք բավարար չափով պահանջկո՞տ չենք եւ մեր ռազմավարական գործընկերոջը չենք պարտադրում ուշադիր լինել մեր հանդեպ եւ հարգել մեզ։

Մեկնաբանություն
X