Սերժ Սարգսյանից բացի ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում

Հարցազրույց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանի հետ․

  • Սեպտեմբերի 13-ին լրանում է Կարեն Կարապետյանի վարչապետության մեկամյակը․ Ձեր գնահատականը, խնդրեմ, նրա գործունեության վերաբերյալ:

  • Ես գնահատում եմ նորմալ, ոչ լավ, ո՛չ վատ: Համենայնդեպս, Կարեն Կարապետյանի գալուց հետո լրատվամիջոցները եւ, առհասարակ, շատերը մոռացել են նախարարների ազգանունները, նախկինում նախարարների մասին քննադատություններ էին շատ, իսկ հիմա անգամ ազգանունները չգիտեն:

- Այսինքն՝ նկատի ունեք, որ մականունավորներն իրենց տեղը զիջեցին անհայտների՞ն։ Դա լա՞վ է:

  • Ոչ, նկատի ունեմ, որ ինքը մի համակարգ է ստեղծել, որ ամեն ինչ կախված չլինի նախարարներից, իշխանիկներից, բոլորն աշխատում են, նախարարը հասկացել է, որ ինքը պարտավոր է ծառայել ժողովրդին, եւ ծառայում է՝ առանց իրենց մեծարելու, առանց ինչ-որ բաների, չգիտեմ, բայց լրիվ փոխվել է այդ համակարգը: Բացի դա, գյուղատնտեսությունում բավականին լավ փոփոխություններ է ուզում կատարել: Ես կարող եմ ասել, որ ոնց որ թե գույքագրման տարի լիներ:

- Իսկ առաջընթա՞ց:

  • Տնտեսությունն առանց ներդրումների չի կարող առաջընթաց ապահովել: Գեղեցիկ ծրագրեր, լավ մարդիկ բոլորն էլ կարող են ապահովել, բայց եթե ներդրումներ չկան, ոչ մի ծրագիր հնարավոր չէ իրականացնել: Իսկ այդ ներդրումների տեղը մարդ կար, որ գիտեր ու ասում էր՝ այս ծրագրերը պետք է իրականացնեմ, եթե մեզ ընտրեք։ Գիտեք երեւի, թե ում նկատի ունեմ:

- Ծառուկյանի՞ն:

  • Եվ էդ մարդն էլի կա, ու մենք անպայման փորձելու ենք, փորձելու ենք մեր ծրագրերն իրականացնել:

- Կարեն Կարապետյանն էլ ներդրողների ակումբ է ստեղծել, գործարարներ են խոստացել ներդրումներ անել:

  • Ներդրում անելու համար մարդուն պետք է հավատան, իր անձը ճանաչեն, որ նոր վստահեն:

- Այսինքն, Ձեր կարծիքով, Կարեն Կարապետյանի անձո՞վ է պայմանավորված, որ ներդրումներ չեն լինում:

  • Իհարկե՝ ոչ: Մի հասարակ բան ասեմ․ անցյալ տարի մեզ մոտ տրանսֆերտները կազմել են 1.5 միլիարդ դոլար, պատկերացրեք՝ ֆինանսական ինչպիսի աշխուժություն, բայց դա որեւէ օգուտ չի տվել, որովհետեւ մարդիկ այդ գումարները Հայաստանում չեն ներդրել, այլ դուրս են հանել ավելի քան 900 միլիարդը: Բա եթե մեզ մոտ ներդրումային դաշտը լավն է, ինչպես հայտարարում են, ապա ինչո՞ւ այդ գումարները մեր տնտեսության մեջ չեն ներդրվում:

- Հիմա Կարեն Կարապետյանը, որպես վարչապետ, ինչո՞վ է նախորդներից տարբերվում:

  • Իր աշխատանքի համար դեռ ժամանակ է պետք, բայց ես կարող եմ ասել, որ ինքը տարբերվում է բոլորից՝ ե՛ւ մտածելու առումով, ե՛ւ ամեն առումներով նա բոլորից տարբերվում է եւ որպես մարդ էլ, կարող եմ ասել, որ եղածներից ամենալավն է։ Բայց թե կհաջողվի ինչ-որ բան անել, թե չի հաջողվի, դեռ վաղ է ասել, դեռեւս ոչ մի արտառոց բան չի երեւում:

- Մինչդեռ խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ում դժգոհ են Կարապետյանի աշխատանքից, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում դաշինքը վարչապետին անվստահության հայտ ներկայացնի:

  • Մեր դաշինքին հանգիստ թողեք, մենք եկել ենք խորհրդարան՝ մեր ծրագրերն իրականացնենք: Ճիշտ է, մենք մեծամասնություն չենք, բայց գերակշռող չափով ենք ներկայացված ԱԺ-ում եւ եկող տարվանից փորձելու ենք մեր ծրագրերը կյանքի կոչել:

- Որ մեծամասնություն չեք, ինչպե՞ս եք կյանքի կոչելու:

  • Դուք մտածում եք, որ իշխանությունը լավ բաներին դե՞մ է լինելու:

- Քաղաքական օրակարգի առանցքային հարցերից է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի եւ նոր պաշտոն ստանձնելու հարցը: Եթե 2018-ին ՀՀԿ ղեկավարը որոշի ղեկավար պաշտոնում շարունակել իր գործունեությունը, ինչպիսի՞ն կլինի ձեր դաշինքի դիրքորոշումը:

  • Ես մի բան գիտեմ, որ այս երկրում Սերժ Սարգսյանից բացի ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ե՛ւ ռազմարդյունաբերության ոլորտում, ե՛ւ տնտեսության ոլորտում, չկա մեկը, որ կարողանա իր պես իմանալ: Երկրորդը․ ոչ մեկն իր չափ չի կարող ուզել, որ էս երկրի վիճակը լավ լինի, կան բաներ, որոնք մենք չգիտենք, գիտի ինքը, եւ նեղ շրջանակ։ Բնականաբար, ինքը բոլորից շատ է ուզում, որ մեզ մոտ տնտեսական, քաղաքական վիճակը լավանա: Այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, որը ԵԱՏՄ անդամ է, բայց Արեւմուտքի հետ կարողանում է այնպիսի հարաբերություններ պահպանի, որ շուտով կստորագրենք նաեւ ասոցացման պայմանագիրը, դա նշանակում է, որ շատ կոմպլեմենտար քաղաքականություն է վարվում, ինձ շատ դուր է գալիս:

- Այսինքն՝ դուք դեմ չեք լինի, որ նա վարչապետ դառնա խորհրդարանական համակարգում:

  • Ես չգիտեմ:

- Եթե Սերժ Սարգսյանը, ինչպես Դուք ասացիք, այդքան լավ է ամեն ինչին տիրապետում, ինչո՞ւ է ԲՀԿ-ն ընտրություններին շարունակ հայտ ներկայացնում, քննադատում իշխանություններին:

  • Ես ասացի, որ լավ տիրապետում է:

- Բայց լավ չի՞ աշխատում:

  • Դե, չգիտեմ ինչ պայմաններ կան, ինչպիսի մութ հարցեր կան, որ չեն թողնում մեր տնտեսությունը զարգանա, հզորանա:

- Այսինքն՝ այդ ձախողումների պատճառը Սերժ Սարգսյանն ու իր իշխանությո՞ւնը չեն:

  • Դուք կարծում եք, որ վաղը… կներեք, որ Գագիկ Ծառուկյանին առանձնացնում եմ, որովհետեւ ինքը համաշխարհային ճանաչում ունեցող մարդ է, մեծահարուստ, բոլոր երկրներում իրեն ճանաչում են, եւ իր խոսքն արժեք ունի… դե հիմա, ասենք, Սերժ Սարգսյանը չգնաց, Կարեն Կարապետյանից լավ էդ ո՞ւմ են բերելու, որ ներդրումներ անի, մեկի անունը տվեք, էլի՝ դիմադիր կլինի, ընդդիմադիր կլինի, դե տվե՛ք անուն:

- Դո՛ւք տվեք:

  • Ես ասում եմ՝ պետք չէ ժամանակից առաջ ընկնել, կգա ժամանակը՝ կասենք:

- «Ելքի» ձեր գործընկեր Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պետք է ամեն ինչ անել՝ խափանելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը, որպեսզի երկրում չխորանա ճգնաժամը:

  • Ախր, մենք շատ առաջ ենք ընկնում, Կարեն Կարապետյանն իր տեղում է աշխատում, մենք ասում ենք՝ Կիկոսը վեր ելավ սարին… ախր, էդ մարդն աշխատում է: Չի կարելի այնպիսի բաներ անել, որն էություն չունի: Ես Արամին շատ եմ հարգում, բայց չի կարելի այդպես ասել, թե մենք ամեն ինչ կանենք: Եթե անգամ Սերժ Սարգսյանը գալու է վարչապետ, այդ ինչպե՞ս պիտի կանխեն՝ իրենք մեծամասնություն են։ Ասենք՝ էդ մարդիկ բողոքի ակցիաներ անեն, մի քանի մարդու հետ շփվեն, հետո՞: Մենք պատերազմող երկիր ենք, ամեն օր մարդիկ են զոհվում, որոնց անունները գրված են՝ շատ-շատ սխալ անողների, թալանչիների, ովքեր նորմալ սահման չեն սարքել… էդ արյունը բոլորի վրա է կուտակված, մի օր դուրս է տալու: Հեղաշրջում անելու համար կրիտիկական զանգված է հարկավոր, որը լինում է տասնյակ տարին մեկ անգամ:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X