Վերջում հարցրի՝ Լիանա, դու սխալ չունեի՞ր․․․

Երեկ ոստիկանության տեսանյութի հրապարակումից հետո այնքա՜ն չարություն, ծաղր տեսա միայնակ մոր՝ Լիանա Զուրաբյանի հանդեպ։

Տեսանյութում ընդամենը բոլորից նեղացած, չգնահատված, իր գործին գժի պես սիրահարված մի կին էր, ով իրեն արժևորելով կամենում էր լրացնել հանրության լայն շրջանակներում ճանաչված լինելու բացը։ Անհատականություն էր՝ հուզվող, զգայուն, տաքարյուն, պոռթկուն ու, ինչպես իր գործին սիրահարվածներից շատերը՝ «մի քիչ գիժ»։ Գործի բերումով գրականության ու արվեստի բնագավառում շատերի հետ եմ մոտիկ՝ բոլորն էլ «ունեն իրենց խենթությունը», նման չեն սովորական մարդկանց։ Ընդունում եմ նրանց՝ իրեն «գժությամբ, խենթությամբ»։

Լիանան առաջինն ինձ էր պատմել ոստիկանության հետ կապված դեպքի մասին՝ ոչ թե որ մտերիմ էինք, նրան առաջին անգամ էի տեսել, այլ գուցե հեռվից հեռու վստահել էր ինձ։ Դեպքի մասին պատմում, հուզվում, լացում էր, բնական էի գտնում, այդպիսին են արվեստին մոտ կանգնած մարդիկ։ Վերջում հարցրի՝ Լիանա, դու սխալ չունեի՞ր։ Ասաց, որ իր սխալը չենթարվելն էր, բայց դա իմ էությունն է, հոգնությունը, ծանրաբեռվածությունը։

․․․Ու երբ նայեցի տեսանյութը՝ ոչ մի անսովոր բան չզգացի՝ Լիանան չի ենթարկվում, չի կարող ենթարկվել, նա րոպե առաջ փոքրիկին ուզում է տուն հասցնել։ Դա իր ոճն է, ձեռագիրը․ ինքն այդպիսի՜նն է՝ նեղացկոտ, պոռթկուն, «գժուկ», ինչպես ոստիկանապետը կասեր։

Հիշեցնեմ, որ նախագահի տան դիմաց էր դեպքը և տեխզննման կտրոնի թարմությունը անվտանգության խնդիր չէր։ Բազմիցս ենք ականատես եղել, երբ պետավտոտեսուչը կանգնեցրել և զգուշացրել է։ Չի տուգանել, զգուշացրել է։ Նաև մեզ խորթ չի՝ ինչ որ մեկի զանգով գործը կարճելը։ Ու՞մ է խորթ, թող գրի։ Խորթ չի նաև գումար տալը, երբ այլ ելք չկա։ Ո՞ր մասում եմ սխալ։ Այդքանով հանդերձ, միշտ էլ ասել եմ, խոստովանենք, որ Վովա Գասպարյանն այս ոլորտում մեծ բարեփոխումներ է արել։ Ակնհայտ է փոփոխությունը։

Այնպես որ բազմակողմանիորեն ուսումնասիրել պետք չի, որպեսզի հասկանաս, որ «կողմերը իրար չեն զիջել»։ Երկու կողմն էլ կոշտ են եղել։ Մեկը՝ վարչարարությամբ, մյուսը՝ վարչարարությանը չենթարկվելով։ Անտեսվել է բարությունը, որ մեքենայի մեջ էր։ Փոքրիկ երեխան։ Հանկարծ չասեք, որ երեխան զենք է․ նա բարության խորհրդանիշ է։ Մեր ոստիկանապետը, ինչքան լսել եմ, Աստվածաշունչ շատ է կարդում․ երեխայի առաջ խոնարհվում է անգամ Տերը։ Բարությանը պետք էր ընդառաջ գնալ, օրենքը գրվում է աշխարհը բարիացնելու համար։ Սա չի նշանակում, որ չեմ կարևորում օրենքը, բայց ամեն ինչից վեր դասում եմ մարդուն։

Մինչդեռ այս պարագայում ստորադասվում է մարդը։

Վկայությունը՝ կողմերը չեն հանդարտվում։ Ոստիկանության հրապարակած տեսանյութը վկայում է, որ այդ պատասխանատու կառույցը պատերազմ է հայտարարում միայնակ մի մոր։ Լիանան էլ պահանջում է ոստիկանության տեսանյութը ներկայացնել ամբողջությամբ։ Ահա թե ինչ է գրում․

Ուրեմն լսեք է՜յ, լսում եք այ........... ես պահանջում եմ անբողջ նյութը, էն որ Մինասյան Մինասի անուն եմ տալիս ձեր վերադասի, ասում եմ իմ եղբայրն է, ես եմ իր երեխեքին մեծացրել, էն որ չգիտեմ ինչու Մինասի կինը զանգերիս չի պատասխանում, էն որ դուք ասում եք թող Մինասյան Մինասը զանգի թողենք գնաք, էն որ Ինգոյի տղաները եկան փողը մեջ- մեջ էիք անում, որ լավա կպելա 100.00 փողա կպել, դուք գումարը տվեք, մենք կսարքենք, էն որ Բադալյանը ասեց՝ Զուրաբյան ջան ինգոն գա ձեզ թողնում ենք, որ խփել էի ձեր մեքենային, էն որ ասում եմ ձեզ ինչ մերա բերել,են որ ասում եմ Սաշիկի հախից չեք կարում գաք ինձ եք գտել,ու լիքը թեմաներ, ու՞ր են դրանք դե ասեք........

Հետո՞․․․

ՀԳ Ֆեյսբուքյան գրառումները կարդալով, մտածում եմ՝ այդքան չարություն մեզ որտեղի՞ց, մարդիկ․․․Քննադատեք, բայց մի անվանարկեք։ Օրենքը օրենք, բայց մարդ ենք, չօգտագործենք պայքարի անընդունելի ձևերը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X