Սանթուրը պիտի վերադառնա

Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կերպարում հանդես եկող Սանթուրը «Հող եւ ոսկի» ֆիլմում դրկից հարեւան պապին օգնում է մատղաշ շիվ տնկել:

Հետո միասին կանաչ ճյուղերով փոքր ծառի տակ բուռ-բուռ ջուր են լցնում:
Սանթուրը՝ խստադեմ, բրեսոնյան անսեթեւեթ չորությամբ, բայցեւ նրբին տագնապներով լի մի տղա, գնում է պատերազմ՝ զոհվելու:

Բակի կենտրոնում, արդեն հասուն, գեղեցիկ ծառի կողքին հուշաքար են կանգնեցնում, որի վրա փորագրված են զոհվածների անունները:

Տղաներից մեկը վերադառնում է, հետո ամեն ինչ ավարտվում է, ուզում էի ասել՝ ֆիլմը:
Դեպի պապն ընթացող Սանթուրի քայլերը, մատղաշ շիվը, տղայի ձեռքի փոքր բահը, թաց ու կենարար հողը, որի մեջ խրվում է արմատը… հենց այս շարժումների, վերափոխությունների ու միաբանության մեջ է ֆիլմի ողջ բերկրանքը, նաեւ գոյության ապագայի, որն ամեն անգամ ստեղծվել է ուզում: Մահ հանուն կյանքի․ սա ավելի շատ պատրանքի է նման: Իրականությունն ու պատրանքը միմյանցից դժվար է զատորոշել՝ ասում էր լեհ բանաստեղծ Չեսլավ Միլոշը:

Թող լինի կյանքը հանուն կյանքի՝ այստեղ մեղմություն կա, մի բան, որը շարունակություն է կանխորոշում: Սանթուրինը կյանքն է:
Ազգ-բանակ արարողակարգը վերջին հաշվով ումո՞վ է ինչ խոստանում, երբ գրեթե երկու օրը մեկ զինվոր է զոհվում, մինչեւ ե՞րբ: Կա՞ արդյոք մի սահման, հնարավորության մի եղանակ, որտեղ տղաները պաշտպանված կլինեն, չէ՞ որ պաշտպանությունը նաեւ շարժման կարելիություն ընձեռելն է:

Անպայման Սանթուրը պատերազմից պիտի տուն դառնա, որպեսզի տեսնի բակի ծառը, մենք այլընտրանք չունենք, հուշաքարերն ու ճոռոմ ստաբանությունները մեզ համար չեն: Այս մահվան շրջանակից օր առաջ դուրս գալ է պետք: Այս պահից սկսած:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X