«Հին Երեւա՞ն», թե՞ հին բլեֆ

Երեկ ստացված հաղորդագրությունը՝ Քաղաքաշինության կոմիտեից, «Հին Երեւան» ծրագրի մասին էր։ Նարեկ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել․․․ մնացածն էական չէ։ Համացանցում «Հին Երեւան» բառակապակցությունը գրելիս բերում է հարյուրավոր նման հաղորդագրություններ ու հոդվածներ։ Դրանցից առաջինը թվագրված է՝ 2005 թվական․ «Հին Երեւանը՝ մեկ փողոցում․ այսպիսին է Երեւանի քաղաքաշինական խորհրդի նոր նախագիծը, որով նախատեսվում է Արամի փողոցում վերակառուցել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Երեւանի ճարտարապետության լավագույն նմուշները»։ Ուշադրություն՝ ամենակարեւորը․ «3 տարի հետո Հանրապետության հրապարակին հարող հատվածը հայտնի կդառնա որպես «Հին Երեւանի» փողոց»: Այսինքն՝ երբ ավերում էին հայոց մայրաքաղաքը, հին շենքերի քանդման դեմ պայքարողներին մխիթարում էին, թե 2008-ին այդ բոլոր շենքերը կանգնեցված կլինեն Երեւանի կենտրոնում, կունենանք հին, պատմական Երեւանի փոքրիկ մոդելը, որտեղ կզբոսնեք, կզմայլվեք պատմությամբ եւ այլեւս չեք բողոքի, թե անցյալի հանդեպ իշխանությունը հարգանք չի տածում։ Դրանից անցել է 10 եւ ավելի տարի։ Բազում խորհրդակցություններ են անցկացվել, անգամ կառավարության որոշում է ընդունվել՝ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու մասին։ Մի երկու տարի առաջ էլ բարձրագոչ հայտարարություններ հնչեցին, թե գտնվել է այն մեծահարուստ ներդրողը, որը 150 միլիոն է տրամադրելու նախագծի իրականացմանը։ Վարդան Սրմաքեշին անձամբ վարչապետն ընդունեց, ավետիս հնչեց՝ բան չմնաց, դիմացեք։ Նախագծի ճարտարապետ Լեւոն Վարդանյանն էլ պարբերաբար հարցազրույցներ էր տալիս, թե «թափով» ընթանում են նախագծման, հողային ու չգիտեմ էլ ինչ աշխատանքներ։ Եվ այսպես՝ մինչեւ 2017 թ․ շարունակվում է պետական մակարդակի մեծ խաբեությունը։

Մեկնաբանություն
X