«Արար» ծրագրի հաշվին մի ամբողջ կենտրոն լուծարեցին

1937-ին ստեղծված եւ 2011-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի պետական թանգարանին միացված Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը լուծարվում է։ Այդ մասին ահազանգեցին հենց աշխատակիցները՝ Սվետա Աղաբալյանը, Մարգո Վարդանյանը, Կարինե Մարտիրոսյանը, Հռիփսիմե Սարգսյանը, Նորիկ Գրիգորյանը, Ժաննա Վարդանյանը։ Մինչդեռ հենց Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հիմքի վրա է 1978-ին բացվել Ժողովրդական արվեստի պետական թանգարանը. «Այդ տարիների ընթացքում այնքան գործ է արվել, կազմակերպում էինք խմբակներ՝ մանկական, մեծահասակների, ըստ հետաքրքրությունների։ Ստեղծել ենք պարային խմբեր, երգչախմբեր, ժողգործիքների խմբեր եւ հանրապետության ամենավերջին գյուղերը գործուղումներ ունեցել։ Օգնում էինք կուլտուրայի բաժնի մեթոդիստներին, թե ոնց պետք է աշխատեն իրենց տեղերում»։ Այլ կերպ ասած՝ կոորդինացնում էին մշակութային կյանքը մարզերում։

Եթե սկզբում կենտրոնն ունեցել է 100 աշխատող, ապա տարիների ընթացքում աշխատողների թիվը կրճատվել է, իսկ 2011-ին արդեն թանգարանին միացել է 32 հոգի։ Հետո որոշ մասն էլ ներգրավվել է թանգարանի աշխատանքների մեջ, եւ Արշակունյաց 28/7 հասցեում գտնվող բուն կենտրոնում վերջին տարիներին ընդամենը 20 աշխատակից կար։ «Այնքան քիչ մասնագետներ են մնացել, որ իրենք պետք է դողային, օգտագործեին այդ հնարավորությունները, բայց հիմա էլ այդ 20 հաստիքը, չգիտես ինչու, ուզում են պետական հիմնարկից վերցնել եւ տալ «Արար» ծրագրին։ Թե այդ ծրագիրն ի՞նչ կապ ունի պետական հաստիքների հետ»,- ասում է Սվետա Աղաբալյան (նշենք, որ նախարարության նոր նախաձեռնությունը՝ «Արար» ծրագիրը, իրենից ներկայացնում է ազգային մշակույթի պահպանում, տարածում ու հանրահռչակում ՀՀ մարզերում)։

Ինչպես նշեցին աշխատակիցները, օգոստոսի 21-ին մշակույթի նախարարությունը գրությամբ դիմել է թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանին՝ աշխատանքները վերակառուցելու առաջարկով, մասնավորապես՝ «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացնել կառուցվածքային փոփոխություն՝ ստեղծելով ժողովրդական մշակույթի պահպանման բաժին։ Դրանից մի քանի օր անց՝ օգոստոսի 26-ին, նախարարությունը 2-րդ գրությունն է ուղարկել թանգարան, որտեղ արդեն կոնկրետ շեշտվել է Արշակունյաց 28/7 հասցեում գործող ժող-ստեղծագործության կենտրոնի մասին՝ առաջարկելով դրա փոխարեն ստեղծել ժողովրդական մշակույթի պահպանման եւ հանրահռչակման բաժին. «Բայց պարոն Հովեյանը, փաստորեն, լուծարել է հիմնարկի այդ 2 բաժինները՝ տեղը չստեղծելով ոչ մի նոր բաժին։ «Հիմք ընդունելով նախարարի հանձնարարականը՝ տեղեկացնում եմ, որ կառուցվածքային փոփոխության արդյունքում հաստիքների կրճատման պատճառով ձեր հետ 01.08.2017թ․ դրությամբ կնքված աշխատանքային պայմանագիրը համարում եմ լուծարված»»,- Հովեյանի նամակից մեջբերում է տիկին Սվետան ու նշում, որ իրենց նախօրոք՝ օգոստոսի 1-ով լուծարել են եւ միայն ամսվա վերջում տեղեկացրել դրա մասին։

Սկզբում աշխատակիցները չեն գնացել ծանոթանալու իրենց լուծարման պայմանագրին, հետո որոշել են նամակով դիմել Հովեյանին՝ պարզելու, թե ինչ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել։ Բայց նրանից պատասխան չստանալով՝ նախօրեին որոշել են անձամբ հանդիպել նրան։ Սակայն Հովեյանը չի ընդունել իր աշխատակիցներին։ «Նա դուռը փակել մտել էր ներս, մեր աշխատողներն էլ հուզվեցին, սկսեցին բղավել։ Այն աստիճանի հասավ, որ աշխատողներից մի քանիսը բացեցին՝ մտան ներս, ինքը ձեռքը խփեց սեղանին ու ասաց՝ դուրս եկեք»,- պատմեց տիկին Սվետան ու ցույց տվեց թանգարանի միջանցքներում արված մի քանի տեսագրություն, որտեղ աշխատակիցներին ոստիկանը փորձում է հանգստացնել։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ երեւում է, որ աշխատակիցների վրա դրսի կողմից դուռը փակել են, եւ նրանք չեն կարողանում կրկին մտնել թանգարան։

«Կառուցվածքային փոփոխության հետեւանքով հոկտեմբերի 16-28-ը հաստիքները փոխանցելու են մարզային ժողովրդական վարպետներին, այսինքն՝ այդ «Արար» ծրագրին։ Փոխանակ օգտագործեն մեր փորձը, պոտենցիալ հնարավորությունները, այդպիսի բան են անում։ Այս ծրագիրն ավելի արդյունավետ չի աշխատելու, քան մեր հիմնարկը։ Երբ այդ ծրագիրն ավարտվեց, մշակույթի նախարարը հետո ո՞ւմ է ուղղելու իր կարգախոսները՝ մշակույթը մարզերում հանրահռչակելու համար, ո՞վ պետք է դա անի, երբ հիմա ինքն այդ հիմնարկը վերացնում է։ Այստեղ ոտնահարված է ե՛ւ Աշխատանքային օրենսգիրքը, ե՛ւ մարդու իրավունքները։ Մենք Հովեյանի մոտ էլ չենք մտնի, այնքան վիրավորված ենք, էլի ստիպված պետք է դիմենք նախարարին, վերջում նյութեր հավաքենք ու դիմենք դատարան, որովհետեւ չի կարելի մարդկանց հետ այդպես վարվել։ Մեզ մինչեւ հիմա ոչ ոք չի լսել։ Ասում են՝ սոցիալական երկիր ենք ստեղծում, բայց սկսում են ամենաանպաշտպան տարրերից, մինչդեռ այս մարդիկ կոպեկներով այդ ծանր տարիներին հիմնարկ են պահել։ Նույնիսկ հանցագործին դատարանում տալիս են վերջին խոսքի իրավունք, բայց մեզ չի լսել ո՛չ նախարարը, ո՛չ մեր տնօրենը»,- ասում է տիկին Սվետան։

Թանգարանի տնօրեն, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ամբողջությամբ լուծարվել կենտրոնը, այլ ճանապարհներ չկայի՞ն այն պահելու համար։ «Կառուցվածքային փոփոխություն է իրականացվելու Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, եւ կառուցվածքային փոփոխության արդյունքում 2 բաժիններ կառուցվածքային փոփոխության են ենթարկվելու, եւ այդ բաժինների աշխատակիցների հաստիքները նախապայմանով տրվելու են սահմանամերձ գյուղերում ապրող եւ ստեղծագործող ժողովրդական վարպետներին, ովքեր խմբեր են կազմավորելու՝ անկախ տարիքային ցենզից, եւ ուսանելու են ժողովրդական արհեստներ եւ արվեստներ։ Կառուցվածքային փոփոխության արդյունքում մենք առաջարկելու ենք մեր նախկին աշխատակիցներին այնպիսի աշխատանք, որ տրամաբանորեն համապատասխանի նոր հաստիքների գործառույթին, ընկալումներին եւ հնարավորություններին։ Այսինքն՝ մի քանիսը, ովքեր ժողովրդական վարպետներ են, ապրում են մարզերում, կընդգրկվեն նոր կառուցվածքում։ Ծանուցումներն արդեն ուղարկված են, մենք էլ գոհ ենք մեր նախկին աշխատակիցներից, որոնցից շատերը հոկտեմբերի 16-ից հետո, ցավոք սրտի, չեն կարող աշխատել, քանի որ մարզերի սոցիալ-մշակութային ծրագրի իրականացման տրամաբանության մեջ կարող է եւ չտեղավորվեն»,- ասաց Հովեյանն ու անջատեց հեռախոսը՝ անպատասխան թողնելով մեր մյուս հարցերը։

Այս դեպքում պետք է փաստել, որ թանգարանը, ի դեմս Հովիկ Հովեյանի, միայն նախարարության հանձնարարականը կատարող մարմին է, անձ։ Խնդիրը մշակույթի նախարարության մեջ է, որը դեռ օգոստոսից սկսեց բոլոր հնարավոր ձեւերով փիառել, գովազդել իր նոր՝ «Արար» նախաձեռնությունը, երբ արդեն սկսել էր գրեթե նույն գործառույթներն իրականացնող պետական հիմնարկի լուծարումը։ Այսինքն՝ մի հիմնարկում 20 աշխատակից կրճատելու հաշվին միայն նախարարությունը կարողացավ 17 հաստիք իջեցնել՝ մարզերում ազգային մշակույթը ներկայացնելու համար, եւ դա արեց նոր նախաձեռնության անվան տակ՝ եւս մեկ անգամ գովազդելով իրեն։ Թե որքանով է ազնիվ նման մշակութային քաղաքականություն որդեգրելը, եւ ինչ իմաստ ունի աչքակապությամբ զբաղվելը, ավելորդ է անգամ խոսելը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X