Իրավունք

Քաղաքական հետապնդմանը գումարվել են անձնական մոտեցումները

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը մեկ ամիս է, ինչ մեկնարկել է։ Վերջին դատական նիստում Անդրիաս Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ իրեն մարտական է զգում, առաջադրված մեղադրանքն էլ չի ընդունում․ «Իմ մեղադրական եզրակացության մեջ հանցակազմը բացակայում է, ես եկել եմ ստեղ, որ ես մեղադրեմ, ոչ թե առարկեմ ինձ ներկայացված մեղադրանքի դեմ: Պետք է մեր հասարակությունը հասկանա եւ պատճառները հուլիսյան իրադարձությունների, ե՛ւ գլխավոր պատասխանատուների մեղավորությունը, ո՞վ է պատասխանատու այս ամենի համար՝ Հայաստանի իշխանությունները»։

Ընդդիմադիր գործիչը դատական նիստին բացարկ հայտնեց մեղադրողՊետրոս Պետրոսյանին՝ նշելով, որ դատախազը 1 օրում 30 բողոք է մերժել, ինչն անհավականան է. «Հուլիսին դատախազն իմ 30 միջնորդությունները մերժել է 1 օրում՝ պաշտպանական կողմին զրկելով իմ անմեղությունն ապացուցող էական ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, եւ ոտնահարելով իմ իրավունքները: Սա դիտավորյալ վերաբերմունք է իմ հանդեպ: Բացի այդ, վկաները կեղծ ցուցմունքներ են տվել իմ դեմ»:

Ղուկասյանի գործով դատական նիստին մշտապես ներկա է լինում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մեկ տարի առաջ կալանավորվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, սակայն մի քանի ամիս անց նա 1 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց, թեեւ քրեական գործը չի կարճվել։

Արմեն Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Անդրիաս Ղուկասյանը, փաստաբանները դատական նիստին հիմնավոր ներկայացրել են, որ դատախազը անկողմնակալությունը չի ապահովում քննության, ինչպես նախատեսված է օրենսգրքով․ «Անդրիասը 30 միջնորդություն է ներկայացրել, բայց դատախազը 1 օրվա մեջ այն մերժել է, իսկ դա մեկ օրում տեսականորեն հնարավոր չէ»։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց բոլորի նկատմամբ քաղաքական հետապնդում կա, բայց Ղուկասյանի դեպքում դրան գումարվում են նաեւ անձնական մոտեցումները․ «Քաղաքական հայացքների պատճառով բոլորս մեղադրյալ ենք, կալանավորվել ենք, տարբեր իրավիճակում ենք հայտնվել, այս պարագայում այդ քաղաքական հետապնդմանը գումարվել են անձնական մոտեցումները։ Թե ինչ պատճառով է՝ չեմ կարող ասել, որովհետեւ տարբեր պատճառներ կարող են լինել, թե որն է, դա հստակ միայն երկրի իշխանությունները կարող են ասել»։

Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշում է, որ Անդրիաս Ղուկասյանի գործի հետ կապված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են հաղորդագրություն տարածել, Եվրոպական դատարանն էլ առաջնահերթություն է տվել փաստաբանների դիմումին․ «Ազատության հրապարակի տեսախցիկներից երեւում են, որ բանախոսներն են Եղիշե Պետրոսյանը, Լեւոն Բարսեղյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Անդրիաս Ղուկասյանը։ Ելույթ են ունենում, իջնում են ժողովրդի միջով, գնում են եւ դուրս են գալիս։ Մի վկա, որը նախկինում հոգեբուժարանում հաշվառված է է եղել, ցուցմունք է տալիս։ Կամ ցուցմունք է տալիս մեկը, որն ասում է՝ Անդրիաս Ղուկասյանը եկավ, ասեց քարեր կհավաքեք, պետք ա գնանք ոստիկաններին խփենք, գնանք ՊՊԾ գունդ։ Մեղադրանքի հիմքում սա է։ Ասում ենք՝ ո՞ւմ հետ է կանգնած եղել, Անդրիասը ելույթ ունեցե՞լ է, թե՞ չէ, ոչինչ չի հիշում։ Մենք ներկայացրել ենք տեսանյութեր, թե Անդրիասը որտեղից է մտնում եւ որտեղից դուրս գալիս, ընդունեք, հետազոտեք, մերժում են։ Նման գործը դատարան կարող էր ուղարկել էն քննչական մարմինը, որը վստահ է։ Բայց ոչինչ չի եղել»։

-Դատարանից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք։

-Համենայնդեպս հրապարակային դատաքննություն է, լրագրողները լուսաբանում են։ Մենք հույս ունենք, որ մի քիչ կզգոնանան, նախաքննությունը չի, որ ծածկադմփոց անեն։ Մենք հակված ենք ակտիվ պաշտպանության, առաջիկա նիստերի կերեւա, այն միջնորդությունները, որոնք մերժվել են, կրկին կներկայացնենք, որ այդ վկաները հարցաքննվեն։

Հիշեցնենք, որ որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևանում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ «Սասնա ծռեր» խմբի անդամներին և համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Գործով տուժող է ճանաչվել թվով 36 անձ:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X