74 տարի անց գտել են Հայրենական պատերազմի մասնակցի դին

>

Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանն օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արել էր հետեւյալ գրառումը․ «Ընկերներ ջան, ձեր օգնության կարիքն ունեմ։ Մի քանի օր առաջ Ուկրաինայում գտնվել է մեր հայրենակցի դին, որը 1943 թվականից համարվել է անհայտ կորած։ Պետք է գտնել մեր զինվորի ժառանգներին։ Նրա անունն է Դավիդ Պողոսի Տեր-Պողոսյան։ Պատերազմից հետո նրան փնտրել է կինը՝ Սոնա Մամիկոնի Ոսկանյանը, որը բնակվել է նախկին Լենինականում, փողոց N-37, նրբ․ 68, տուն 11։ Զոհվածի մոտ հայտնաբերվել է նամակ, որը նա չի հասցրել ուղարկել։ Եթե կարողանանք գտնել ժառանգներին՝ ես ամեն ինչ կանեմ, որ նրան տեղափոխենք հայրենիք, բայց եթե չգտնենք, երեւի հոգին չխաղաղվի»։

Ռուբեն Մակարյանը նաեւ հրապարակել էր անհայտ կորած զինվորին վերաբերող լուսանկարներ եւ նրա նամակը։ Անհայտ կորածի դին հայտնաբերվել է Զապորոժիե նահանգում, Կամենսկ- Դնեպրովսկ ճանապարհին։ Քանի որ «Ֆեյսբուք»-ում բավականին շատ արձագանքներ կային՝ կապված Ռուբեն Մակարյանի գրառման հետ, փորձեցինք նրանից իմանալ մանրամասներ, թե այդ գրառումը որքանով է օգնել՝ հայտնաբերելու 74 տարի անհայտ կորածին։

«Երբ ժամանակի ընթացքում չեն հայտնաբերվում ժառանգները, այն ժամանակ կազմակերպվում է պատվավոր հուղարկավորություն։ «Ֆեյսբուք»-ում 400-ից ավելի տարածում է գտել իմ գրառումը, ես բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստացել, բայց դեռեւս՝ անարդյունք»,- ասաց Ռուբեն Մակարյանը։

Նա ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում է գտնվել մեր հայրենակցի դին։
«Այն տարածքում, որտեղ տեղի են ունեցել պատերազմական գործողություններ, արկակործման հետեւանքով առաջացել են փոսեր։ Երկու հոգի թաղված են եղել այդ փոսերում։ Նման դեպքերում, երբ լինում է հուղարկավորություն եղբայրական գերեզմանում, նրանց հագից հանում են ճտքավոր կոշիկները, գոտիները, վերցնում են անպայման փաստաթղթերը, որպեսզի նրանց, ըստ այդ փաստաթղթերի, կարողանան գրանցել որպես զոհվածների։ Մեր հայրենակցի պարագայում փաստաթղթերը մնացել են մոտը, նամակը պահպանվել է, բայց զինվորական գրքույկն ընթեռնելի չէ։ Դավիդը երեւի սափրվելու ածելին միշտ պահել է զինգրքույկի մեջ, եւ կոռոզիայի ընթացքում այն ամբողջովին ժանգի է վերածվել։ Իսկ այդ նամակը, որը չի քայքայվել, գրված է եղել մատիտով եւ դրված է եղել կաշվե պլանշետի մեջ, ինչի շնորհիվ էլ պահպանվել է։ Իսկ թանաքով գրված երկու նամակները չեն պահպանվել։ Հայտնաբերվել է նաեւ գերմանական ջրի տափաշիշ։ Իսկ դա վկայում է, որ մեր զինվորը երկար ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին։ Հայտնաբերվել են նաեւ թութունի ամանը, հագուստները։ Հավանականությունը մեծ է, որ իրենք զոհվել են հրետակոծության ժամանակ, որովհետեւ դիակներն ընկած էին փոսի մեջ։ Այնտեղ թեժ մարտեր են ընթացել»,- ասում է Ռուբեն Մակարյանը։

Պատերազմի ավարտից հետո, 1946թ․ պարզվում է, որ զինվորի կինը դիմել է Լենինականի զինկոմիսարիատ, որպեսզի կարողանան գտնել ամուսնուն։
Ռուբեն Մակարյանը հետաքրքրվել է եւ պարզել, որ այն հասցեն, որում գրանցված է եղել Դավիդ Պողոսի Տեր-Պողոսյանի կինը, Գյումրիում չկա։ «Ես գիտեմ, որ գյումրեցիները թասիբով ժողովուրդ են, բայց եթե մինչեւ հիմա չեն կարողացել գտնել, հավանական է, որ ժառանգներն են հեռացել»,- ասաց մեր զրուցակիցը։

Որոնումները չեն տվել ցանկալի արդյունքը, քանի որ նման անուն-ազգանունով մարդկանց Ռուբեն Մակարյանը հայտնաբերել է Վրաստանի Ախալցխայի շրջանում։
Պահպանված նամակն ուսումնասիրելով՝ Ռուբեն Մակարյանն եզրակացնում է․ «Նամակը հասցեագրված է եղել Գրոզնի քաղաք, ոմն Գրիշայի։ Մտածում եմ, որ միգուցե բարեկամները տեղափոխված լինեն Գրոզնի, իսկ Գրիշայի ազգանունը համապատասխանում է կնոջ ազգանվան հետ։ Հնարավոր է, որ լինի կնոջ եղբայրը կամ միգուցե իր որդին՝ կնոջ ազգանունով, որովհետեւ նամակում ասում է՝ մի՛ շտապիր գալ ռազմաճակատ, լավ սովորիր»։

Իսկ նամակից երեւում է, որ անգամ հիվանդ վիճակում էլ մեր հայրենակիցը մասնակցել է ազատագրական մարտերին։ Նույն տարածքում, ըստ Ռուբեն Մակարյանի, որտեղ գտել են Դավիդ Տեր-Պողոսյանին, գտել են նաեւ մեկ այլ հերոս հայի՝ Հակոբ Ադամյանին, որը թեւը կտրված վիճակում գրավել է մոտակա բլուրը։ «Այդ բլուրը հենց գրավում են, ինքը մահանում է, եւ հենց իր անունով էլ այն անավանակոչում են»,-մեր հայրենակիցների հերոսական անցյալն է հիշեցնում Ուկրաինայում հայկական համայնքի ներկայացուցիչը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X