Հայացք Վրաստանից

Ղարաբաղյան խնդրի կարգավորման ակունքներում գտնվողները պնդում են, որ հեռավոր 90-ականներին կային մարդիկ, որոնք հասկանում էին, որ հարցի լուծմանը պետք է հանգեն 2 հակամարտող կողմերը, անշուշտ՝ Ղարաբաղի մասնակցությամբ։ Հարցի միջազգայնացումը վնասելու է, հետաձգելու է դրա լուծումը։ Ոմանք անգամ հասկանում էին, որ քանի դեռ հայր Ալիեւն է հարեւան երկրի ղեկին, եւ մենք բարոյահոգեբանական առավելություն ունենք, պետք է ամրագրել դա դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե գնալ կոնֆլիկտի իբրեւ թե սառեցման, բայց իրականում՝ երկիրն արյունաքամ լինելու ճանապարհով։ Անշուշտ, այն ժամանակ քչերն էին սա հասկանում։ Հիմա էլ շատերը խնդրի կարգավորման հույսը կապում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հետ։ Բայց այս ու այն կողմից ստացվող ազդակներն այլ բան են ասում։ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլին 1-in.am-ին տված հարցազրույցում, օրինակ, արդարացնելով վրացիների դիրքորոշումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ, շեշտը դրել է երկու երկրների՝ համաձայնության գալու ունակության վրա․ «Վրաստանն առաջնությունը տալիս է տարածքային ամբողջականության սկզբունքին, եւ պատճառն այն չէ, թե Ադրբեջանն ավելի մոտ է Վրաստանին, քան Հայաստանը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծմանը, ապա Վրաստանը վստահաբար կաջակցի ցանկացած որոշման, որը կարտացոլի համաձայնությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Եթե երկու երկրները մեկ այլ լուծում գտնեն, ապա Վրաստանը, իհարկե, ուրախությամբ կսատարի այդ որոշմանը: Գլխավոր խնդիրն այն է, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»: Սա կարելի է դիտել որպես քաղաքակիրթ աշխարհի դիրքորոշում։

Մեկնաբանություն
X