Վարդգես Գասպարին այսօր պառկել էր դատարանի դիմաց

>

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ամբաստնյալներից միայն երկուսն էին ներկա դատական նիստին՝ Գալուստ Գրիգորյանը եւ Հովհաննես Պետրոսյանը, ով Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է, իսկ մյուս ամբաստանյալները նախորդ դատական նիստին դահլիճից հեռացվել էին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։ Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի նկատմամբ՝ նախազգուշացման տեսքով, դատարանի մտնելու ժամանակ ոտքի չկանգնելու համար։ Դատավորը 40 րոպեով ընդմիջեց դատական նիստը, քանի որ փաստաբաններից մեկը նիստին ներկա չէր։

Նշենք, որ դատարանի դիմաց այսօր բողոքի ակցիա է անում ակտիվիստ Վարդգես Գասպարին, նա պառկած է դատարանի դիմաց՝ ձեռքին պաստառ, որտեղ գրված է՝ «Մարինե Թովմասյան, դուք իմ ներկայացուցիչը չեք, դատարանում գտնվելու իրավունք չունեք»։ Մեր այն հարցին, թե ինչքան ժամանակ է պառկած մնալու, ասաց, որ դեռ չգիտի։

Նշենք, որ նախորդ դատական նիստերին Վարդգես Գասպարին նույն գրությամբ պաստառով եւս դատարանում էր եւ պահանջում էր, որպեսզի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը չզբաղվի Սեֆիլյանի պաշտպանությամբ։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Մեկնաբանություն
X