Սկսել անտառների վերականգնումը

Անտառային ֆոնդը Հայաստանի անտառածածկ եւ անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված ոչ անտառածածկ տարածքն է, որը ներառում է գյուղատնտեսական հողատեսքեր՝ վարելահող, խոտհարք, արոտավայր, հատուկ նշանակության ջրանցքներ, ճահճուտներ, հեղեղատներ, թեք լեռնալանջեր: ՀՀ անտառային ֆոնդը 463,3 հազար հա է, որից անտառածածկ է 86,7 տոկոսը: Կարծես բոլորս գիտենք, թե կյանքի կենսունակության համար որքան կարեւոր են անտառները, որոնք բարելավում են շրջապատի միկրոկլիման, ջրային ռեժիմը, կանխում հողի էրոզիան, նպաստում բնական խոտածածկի արդյունավետության եւ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության ու որակի բարձրացմանը: Անտառներն ունեն բնապահպան ռեկրեացիայի նշանակություն:

Անտառների կարեւորության մասին գիտեն նաեւ փայտամշակող խոշոր կորպորացիաները, սակայն դրանցից քչերն են հետաքրքրված անտառավերականգնման աշխատանքներով: Խոսրովի անտառի հրդեհը, այժմ էլ՝ Բյուրականի, Հայաստանի համար աղետալի փորձություններ են, որոնք անտառների շահագործման, անտառների կարեւորության վերաբերյալ վերագնահատում, նոր մոտեցումներ են պահանջում: Բայց Հայաստանում տարիներ շարունակ անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, մարգագետինները, թփերը միայն բնական աղետների հետեւանքով չէ, որ վերացել են, այլ, իհարկե, ավելի շատ մարդահարույց գործոնի արդյունքում: Ուստի այն, ինչ սկզբնադրվել է, հիմա էլ շարունակվում է, հանքարդյունաբերողներն անխնա ոչնչացնում են կանաչ տարածքները, անտառահատումներ անում, կործանում անտառային էկոհամակարգը:
Վնասների չափը ծանրակշիռ է, ծառերի, բույսերի տեսակներ կան, որոնց վերականգնումն անհնար է, օրինակ՝ գիհի ծառատեսակը, որն արգելոցում կարեւորագույն կենսամիջավայր էր ապահովում տարբեր կենդանատեսակների համար: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Բյուրականի անտառում «հրդեհի հետեւանքով «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր կլինի գնահատել վեգետացիոն շրջանում, սակայն տեղեկացնենք, որ այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ»:

Կա ՀՀ բնապահպանության նախարարությունը, կա նույն «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, կա ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը… օր առաջ անհրաժեշտ է համատեղ գործունեությամբ փորձ անել գոնե որոշակիորեն վերականգնել հրդեհների, մարդահարույց գործոնի հետեւանքով ոչնչացած ծառատեսակները, անհապաղ անտառների մոնիտորինգ անցկացնել, խիստ նվազեցնել տարատեսակ զավթումների, գերհատումների, կենդանիների որսի հնարավորությունները: Եվ ամենակարեւորը՝ բաց ու ազնիվ՝ հասարակությանն իրազեկել արված ու չարված յուրաքանչյուր աշխատանքի, անտառի վերականգնման եւ բնական վերաճի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների մասին, քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան Հայաստանի համար փրկել ու պահպանել:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X