Բառ, որ դուր գա Սերժ Սարգսյանին

ՀՀԿ պատգամավոր Նաիրի Սահակյանը hraparak.am կայքի հետ հարցազրույցում ասում է․

«Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է»։

Թվում է, թե նվիրվածության տեսանկյունից նման արտահայտությունից ավելի խոսուն արտահայտություն դժվար գտնվի։ Թվում է, թե դրանից վեր խոսքեր դժվար է գտնել, որ մարդը կարողանա «իր սերն արտահայտել»։ Բայց դա առաջին հայացքից։

Ցմահը «ուտվող բառ չի»։ Մանավանդ Գալուստ Սահակյանի «Ցմահ կլինի մահապատիժը» արտահայտությունից հետո․․․

Ցմահի փոխարեն հանրապետականը կարող էր այնպիսի բառ օգտագործել, որ հաճո լիներ նախագահի սրտին, որ դուր գար նրան և ի վերջո իր նվիրվածությունը արժևորվեր։ Թե չէ հիշեցնել՝ ինչ որ մի կետում ընդհատում է լինելու․․․

Հիմա կմտածեք, որ ցմահի փոխարեն նվիրյալը կարող էր պարբերությունը օգտագործել հետևյալ կերպ․

«Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը հավերժ մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է»։

Ո՜չ, հազար ո՜չ։ Չնայած Բագրատյանը բողոքում է հայոց լեզվի աղքատությունից, բայց հայերենն ունի ավելի հարմար բառ։ Ցմահի փոխարեն ունենք ցկյանս բառը․

«Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցկյանս մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է»։

ՀԳ Պարզապես օգնության կարգով՝ առանց քաղաքական ենթատեքստի։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X