Ընդդեմ անարդարության

Մարդիկ ամենից շատ դժգոհում են անարդարություններից, անհավասար վերաբերմունքից։ Արտագաղթի, անտարբերության, հիասթափության գլխավոր պատճառը հենց դա է։ Երբ մարդը տեսնում է, որ օրենքը հավասար չի գործում բոլորի հանդեպ, եւ բոլորն ինքնադրսեւորվելու հավասար հնարավորություններ չունեն։ Ինչ եզրակացնի քաղաքացին, երբ քաղաքական ակցիա իրականացրած, իր բողոքն արտահայտած որեւէ անձ, ասենք՝ Շանթ Հարությունյանը, դատապարտվում է 6 տարվա ազատազրկման, Շանթի դատի ժամանակ օդ կրակած երիտասարդը՝ Հայկ Կյուրեղյանը, 9 տարի է ստանում, իսկ Սյունիքի մարզպետի որդին, որը մարդու կյանք է խլել, ազատվում է պատասխանատվությունից։ Նման մի դեպքը բավական է, որ հասարակության վրդովմունքը վերածվի իշխանության կատարած յուրաքանչյուր քայլը, հենց իշխանություն կոչվող երեւույթն առհասարակ մերժելու ակցիայի։ Երբ ցանկացած անմեղ ավտովթարից հետո մարդուն կարող են բանտ ուղարկել, անգամ սիրված դերասանին՝ Վարդան Պետրոսյանին չխնայեցին, իսկ իշխանական քաղաքապետի որդուն ոչ միայն ազատ են արձակում, այլեւ խրախուսում, դա չի կարող վրդովմունքի պատճառ չդառնալ։ Երբ մեծահարուստ օլիգարխը, որը խանութների հսկայական ցանց ունի եւ անծայրածիր ու անհաշվելի բիզնեսներ, ազատվում է հարկերից, իսկ մի խեղճ խանութպան ՀԴՄ կտրոն չտալու համար ամիսը մեկ տուգանվում է, սա չի կարող չնկատվել եւ ընդվզելու պատճառ չդառնալ։ Անարդարությունների շղթան հասել է այնտեղ, որ անգամ դպրոցում ուսուցչի կարգավիճակը պահպանելու համար ամուր թիկունք է հարկավոր ունենալ, հակառակ դեպքում կարող են 63 տարին լրացած հմուտ մանկավարժին «թոշակի» ճանապարհել՝ մի տգետ 25-ամյայի նրա փոխարեն ընդունելու համար։ Բայց չէ՞ որ մարդիկ ամեն ինչ տեսնում են, եւ այս ամենն անհետեւանք չի անցնում։

Մեկնաբանություն
X