«Ծերեթելու հիվանդանոցը» տեղափոխվել է «Բանգլադեշ»

«Երեւան» բժշկական կենտրոնը, որն անցյալ տարվա հոկտեմբերից երկու սեփականատերերի անհաշտության հետեւանքով չի աշխատում, այժմ հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Երկու սեփականատերերն էլ՝ Զորի Բալայանի որդին՝ ընդհանուր եւ էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հայկ Բալայանը, եւ հիվանդանոցի նախկին տնօրեն Տարոն Տոնոյանը, վիրաբույժներ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական հարցերում: Բալայանը մեղադրում է Տոնոյանին հիվանդանոցի միջոցները յուրացնելու եւ իրեն խաբելու մեջ, իսկ Տոնոյանը վստահ է, որ Բալայանը հոր՝ Զորի Բալայանի ուղղորդմամբ ցանկանում է ամեն գնով խլել իր մասնաբաժինը եւ տիրանալ հիվանդանոցին ամբողջութամբ: Հայկ Բալայանը հուլիսին դատի է տվել տնօրեն Տարոն Տոնոյանին: Նա պահանջել է հեռացնել նրան հիվանդանոցի հիմնադիր ընկերությունից՝ «Լեբեն» ՍՊԸ-ից, եւ իրեն՝ Հայկ Բալայանին, ընկերության գործադիր մարմնի ղեկավար նշանակել: Բալայանի որդին պահանջել է հայցի ապահովման միջոց կիրառել՝ արգելելով Տարոն Տոնոյանին մուտք գործել «Երեւան» ԲԿ-ի տարածք, ընկերությանը պատկանող բուժհիմնարկում կատարել բժշկական զննություններ եւ այլ գործողություններ: Սակայն դատարանը մերժել է միջնորդությունը:

Առաջին դատական նիստն այս գործով տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Մինչ այդ էլ Զորի Բալայանի որդին Տոնոյանի դեմ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ հիվանդանոցը չի աշխատում, բայց բժիշկներից մեկը մտել է տնօրենի սենյակ: Ի՞նչ է անում Տարոն Տոնոյանը, որը Հայաստանի ամենաշատ վիրահատող բժիշկներից էր: «Հրապարակի» այս հարցին պատասխանելով՝ նա հայտնեց, որ լավ է, աշխատում է նոր հասցեում:

«Հիվանդանոցը չի աշխատում, բայց կոլեկտիվի մեծ մասը տեղափոխել ենք Հարավ-արեւմտյան թաղամաս, «Սեբաստիա» կենտրոն, 19-րդ պոլիկլինիկայի հարեւանությամբ: Առավոտը մտնում եմ վիրահատարան, վեցին-յոթին դուրս եմ գալիս, եթե գործ չլինի, սթրեսի մեջ կընկնեմ»,- ասաց Տոնոյանը: Մեր հարցին, թե արդյոք առողջապահության նախարարը չի՞ փորձում միջամտել, շտկել իրավիճակը, պատասխանեց. «Հարցը սեփականատերերի դաշտում է, նախարարությունն այստեղ անելիք չունի»: Հիշեցնենք, որ «Երեւան» ԲԿ-ն կամ «Ծերեթելու հիվանդանոցը» Երեւանի ամենաէժան հիվանդանոցներից էր համարվում: Բայց սեփականատերերի տարաձայնությունների հետեւանքով աշխատող, հիվանդների շրջանում պոպուլյար այս հաստատությունը պարտքեր կուտակեց ու փակվեց:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X