Ապագայում համերաշխության կոչ կներկայացնեմ. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Այսօր Փաստաբանների պալատում նախագահի ընտրություններ են։ Միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է։ Նա 11։00-ին եկավ ընտրության, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

Հարցին՝ մի շարք փաստաբաններ բոյկոտել են ընտրությունները, ի վերջո ե՞րբ է վերականգնվելու ՓՊ-ի անդորրը, Արա Զոհրաբյանն ասաց, որ գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել ՓՊ-ում ընթացող այս ընտրությունները. «Կարող է գործադուլի ցանկում գտնվող որոշ գործընկերներ այդպիսի դիրքորոշում ունեն, բայց դա բոլորին չի վերաբերվում։ Ինչ վերաբերվում է Փաստաբանների պալատում տեղի ունեցող իրավիճակին, ուզում եմ նշեմ, որ 1852 փաստաբան, բոլորը բարդ մարդիկ են՝ սկսած ինձանից, ունեն իրենց ամբիցիաները առողջ կամ անառողջ, այսինքն՝ իրականում մենք գործ ունենք բարդ կառույցի հետ, որն ինքնին լուրջ դժվարություն է առաջացնում, բայց իմ պատասխանատու կարգավիճակը ստիպում է ինձ, որ լինեմ ավելի հանդուրժող եւ սեփական շահերս ստորադասեմ ընդհանուրի շահերին։ Այս առումով ես կարծում եմ, որ մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնեմ եւ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի մեր գործընկերները, ովքեր վիրավորված են փաստաբանների պալատից կամ ինձնից, գան ընդհանուր շահ։ Դուք տեսաք, որ մեր գործընկերներից մեկը՝ Տիգրան Աթանեսյանը եւ իր ընկեր Արթուր Գրիգորյանը նույնիսկ հայց ներկայացրին ՓՊ-ի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, սա, կարծում եմ, ընդհանուր շահի դեմ ուղղված քայլ է»։

-Այդ փաստաբանները նշում են, որ ՓՊ-ն իրենց շահերը չի պաշտպանում դատարանների, դատական դեպարտամենտի ապօրինություններից։

-Հեշտ է որեւիցե մեղադրական խոսք ներկայացնել։ Ես կարծում եմ, որ նմանատիպ խոսքերը պետք է համեմվեն փաստերով։ Ես չեմ ասում, որ Փաստաբանների պալատը իդեալական աշխատում է, մենք ունենք մեր թերությունները եւ այստեղ որպես գործընկերներ իրենց քայլերով կամ հորդորներով մեզ օգնեին։ Օրինակ՝ ի՞նչ քայլ պետք է աներ ՓՊ-ն, որ չի արել։ Եթե իրենք ակնկալում էին, որ հացադուլ պետք է հայտարարենք եւ հացադուլով պայքարենք այս գործընթացի դեմ, ես այդ առումով մի քիչ ունեմ վերապահում․ ի վերջո 1852 փաստաբան ենք ներկայացնում եւ պարտավոր ենք առնվազն հավասարակշռված գործել։

-Ինչպե՞ս ստացվեց, որ միակ թեկնածուն դուք եք, չհամարձակվեցի՞ն ձեր դեմ թեկնածություն դնել։

-Ես այդպիսի մեծամտական կարծիք չեմ ներկայացնի, որ որեւէ մեկը չհամարձակվեց ինձ հետ թեկնածու լինելու, բայց կարծում եմ, որ լավ կլիներ այդ գործընկերները, որոնք իրոք գտնում էին, որ ես բացասական գործունեություն եմ ծավալում, իրենց թեկնածուին առաջադրեին ի հակակշիռ այս իրավիճակի։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։ Վստա՞հ եք, որ վերընտրվելու եք։

-Ես չեմ կարող ապագայի մասին վստահություն հայտնել։ Ի վերջո ես ներկայացրել եմ հաշվետվությունը նախկին 4 տարիների ընթացքում կատարված, բայց քանի որ գնահատողը ես չեմ, գնահատողը փաստաբաններն են։

Աննա Պապիկյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X