Արսինե Խանջյանը ներկա կգտնվի ֆիլմի պրեմիերային

Հայաստանում է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով ներկա է գտնվելու սեպտեմբերի 10-ին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում, ապա նաեւ սեպտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունենալիք «Նա, ում սպասում էին» կատակերգական ֆիլմի հայաստանյան պրեմիերային, որի ռեժիսորն է Սերժ Ավետիքյանը։ Ֆիլմում Արսինե Խանջյանից բացի խաղում են նաեւ դերասաններ Պատրիկ Շենեն, Նարեկ Դուրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լեւոն Հարությունյանը։ Պրոդյուսերներն են՝ Արմեն Համբարձումյանը, Միքայել Դովլաթյանը։

Ինչպես նշեց Արսինե Խանջյանը, 2 տարի առաջ աշխատելով, նկարահանվելով այս ֆիլմում՝ ցանկացան, որ պրեմիերան տեղի ունենա հենց այս գյուղում, որի բնակչության մեծ մասը գրեթե մասնակից եղավ ֆիլմի նկարահանումներին։ «Ֆիլմը ե՛ւ կատակերգություն է, ե՛ւ լուրջ ֆիլմ։ Կարծում եմ՝ ամբողջ հայությանը հետաքրքիր պատմություն է, որը կատակերգությամբ կներկայացնենք։ Դա գյուղի առօրյա կյանքն է, գյուղում ապրող մեր ազգակից հայության կյանքը, նաեւ շոշափվում են քաղաքական հարցեր՝ իրենց ցավալի հետեւանքներով, թե ինչպես կարձագանքեն դրանց այդ հեռավոր գյուղի մեջ։ Կարծում եմ՝ այդ քննադատական մոտեցումը՝ ծիծաղի միջոցով, շատ ավելի հեշտ ձեւով կկարողանանք ներկայացնել ժողովրդին։ Այսինքն՝ սա այսօրվա իրողության հետ կապ ունեցող պատմություն է, հակառակ նրան, որ կսկսի մի քիչ զարմանալի ձեւով՝ կատակի եւ գրեթե երեւակայական աշխարհի բացատրությամբ։ Արտագաղթի փոխարեն այստեղ ներգաղթի հետաքրքիր մի օրինակ կա, որովհետեւ Հայաստանում այն տպավորությունը կա, որ արտասահմանում ամեն ինչ շատ ավելի լավ է, բայց փրկությունը դրսից չէ, միասին պետք է կարողանանք հասնել փոփոխությունների։ Այն դժվարությունները, որին ամեն հայ այստեղ բախվում է, մեծ արձագանք գտավ նաեւ Սփյուռքի մեջ, որովհետեւ Սփյուռքի համար Հայաստանը կպատկերվի երազային, դրախտային երեւույթներով, բայց երբ կատակի միջոցով ներկայացվում են այդ դժվարությունները, որը ժողովուրդն այստեղ կապրի, անշուշտ, կարեւոր անդրադարձ է»,- ասաց դերասանուհին։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X