Քաղաքագրություն. Երեւանի բուժարանները

19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին քաղաքում արդեն գոյություն ունեին մի քանի բուժարաններ, քաղաքային հիվանդանոցը, ակնաբուժարանը, հոգեբուժարանը, բանտին կից հիվանդանոցը եւ երկու մասնավոր բուժարաններ, որոնցից մեկը պատկանում էր վիրաբույժ Հ. Գ. Հովհաննիսյանին, իսկ մյուսը՝ բժիշկ Ա. Տեր-Ավետիքյանին: Դրանց մեջ ամենախոշորը, մշտական գործողը եւ նշանավորը քաղաքային հիվանդանոցն էր:

Քաղաքային հիվանդանոցը կազմակերպվել էր ոչ միանգամից: 1893 թվականի փետրվարի 4-ին Երեւանի առաջին բուժարանին կից բացվում է 12 մահճակալանոց մի փոքրիկ հիվանդանոց: Ըստ հաստատված կանոնադրության, քաղաքային այդ հիվանդանոցում իրավունք ունեին բուժվելու երկսեռ բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգությունից եւ տարիքից: Հիվանդները պետք է վճարեին բուժման եւ սննդի համար սահմանված գումարը: Հիվանդանոցը վարկավորվում էր քաղաքային դումայի կողմից:

Հիվանդանոցում բացառապես ընդունվում էին ծանր ու խրոնիկական հիվանդները: Նա ուներ ամբուլատորային բաժանմունք եւ սեփական դեղատուն: Յուրաքանչյուր հիվանդի բուժման եւ սննդի ծախսերն ամսական կազմում էին 15 ռուբլի, որը պետք է մուծվեր նախօրոք, տվյալ ամսվա սկզբին: Հազվադեպ պայմաններում հիվանդը կարող էր ազատվել բուժման եւ սննդի վարձից: 1899 թվականին հիվանդանոցի մահճակալների թիվը հասնում էր 15-ի, 1903 թվականին՝ 26-ի, 1908 թվականին՝ 35-40-ի: Ավելի մեծ չափերով էր մեծանում դրանում ստացիոնար եւ ամբուլատորական եղանակով բուժվողների թիվը: Այսպես, եթե 1894 թվականին հիվանդանոցն ունեցել է 142 ստացիոնար եւ 2․654 ամբուլատոր բուժվողներ, ապա 1896 թվականին դրանց թիվը համապատասխանորեն կազմել է 151 եւ 4․709:

Քաղաքային հիվանդանոցը վարում էր աստանդական կյանք: Չունենալով ֆինանսական միջոցներ՝ քաղաքային դուման հարկադրված էր հիվանդանոցը տեղավորել մասնավոր տներում, որոնք աճող պահանջների հետեւանքով շատ շուտով դադարում էին հիվանդանոցին համապատասխանելուց: 1902 թվականին հիվանդանոցն ամբուլատոր բուժարանի հետ միասին տեղափոխվում է այժմյան Ամիրյան փողոցը, 1908 թվականին՝ այժմյան Կնունյանց փողոցը, իսկ 1918 թվականին՝ Աստաֆյան (Աբովյան) փողոցում այդ նպատակի համար կառուցված հատուկ շենքը՝ այժմյան առաջին հիվանդանոցի շենքը, որի շինարարությունը մինչեւ սովետական կարգերի հաստատումը դեռեւս ավարտված չէր:

Հիվանդանոցի վատ պայմանները եւ դրա բժշկական ու օժանդակ աշխատողների կազմի սահմանափակ լինելը հնարավորություն չէին տալիս գեթ նվազագույն չափով ապահովել հիվանդների բուժման գործը: Քաղաքի եւ շրջակայքի բնակիչների թվի համեմատությամբ հիվանդանոցը շատ փոքր էր, մահճակալների թիվը՝ սահմանափակ, սենյակները՝ քիչ, սանիտարական պայմանները՝ անտանելի, կահավորումն ու դեղանյութերը՝ աղքատիկ, կոմունալ պայմանները՝ սահմանափակ: Ժամանակակից թղթակիցներից մեկը գրում է, որ այդտեղի հիվանդներն ապրում էին բանտային կյանքով, եւ ժողովրդի մեջ տարածված է եղել այն կարծիքը, որ քաղաքային հիվանդանոց «ընկնողն էլ դուրս չի գա» այնտեղից:
Մյուս հիվանդանոցները գտնվում էին ավելի ծանր պայմաններում: Սոսկալի վիճակում էր գտնվում մանավանդ բանտին կից հիվանդանոցը: Դրա պայմանները, կարծես իբրեւ ծաղր, լիովին բանտային էին: Մասնավոր երկու հիվանդանոցներից համեմատաբար հայտնին Հ. Գ. Հովհաննիսյանի վիրաբուժական հիվանդանոցն էր, որն ուներ մի քանի մահճակալներ: Հովհաննիսյանի հիվանդանոցը գտնվում էր Աստաֆյան փողոցի վրա:

Թ. Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան, «Երեւան 2750»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X