Եթե ամեն ինչ գնա դեպի ջրի թանկացմանը, կտրուկ քայլերի կգնան

«Ժողովրդի ձայն» հասարակական կազմակերպությունը մոտ ժամանակներս հանրային քննարկում կկազմակերպի՝ ջրի սակագնի բարձրացման խնդրով։ «Կոչ ենք անելու ՀԾԿՀ-ին, որպեսզի չբավարարի հայտը, բայց եթե մենք տեսնենք, որ ամեն ինչ գնում է դեպի դա, իհարկե, մենք հանդես կգանք ավելի կտրուկ քայլերով, կանենք միգուցե նաև ակցիաներ և մենք դա այսպես չենք թողնի».- hraparak.am-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդի ձայն» ՀԿ ներկայացուցիչ Արման Ղուկասյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ինչպես արդեն հայտնի է, սկսել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայտի ուսումնասիրության գործընթացը։ Եթե հանձնաժողովը հաստատի ընկերության դիմումը, ապա ներկայումս 1 խ․մ ջրի դիմաց վճարվող 180 դրամը կդառնա 194․3 դրամ, կփոփոխվեն նաև խոշոր բաժանորդների համար սակագինը, նախկին 54 դրամի փոխարեն՝ 58․3 դրամ։ Օրեր առաջ Արման Ղուկասյանը մամուլի ասուլիս էր տվել, հայտարարելով, որ ընկերության հայտը հիմնավոր չէ։

-Պարոն Ղուկասյան, այդ հայտարարությունն ընդամենը բողո՞ք էր, թե՞ հետագայում ինչ-ինչ քայլեր կլինեն, միգուցե բողոքի ակցիանե՞ր։

-Ինչը վրդովմունք առաջացրեց, դա այն է, որ գրեթե չկա քաղաքացիական դաշտի կողմից որևիցե արձագանք։ Կոնկրետ այս պահին տեղի է ունենում կարծես թե անհիմն սակագնի բարձրացում, բայց չկա որևիցե արձագանք, և մենք ուղղակի փորձեցինք, քանի որ միշտ տնտեսագետներ էին խոսում, մենք փորձեցինք որպես երիտասարդ քաղաքացիներ, որպես ՀԿ դաշտի ներկայացուցիչներ հանդես գալ և այդ հարցը հանրայնացնել, հրապարակայնորեն դրա մասին խոսել։ Մենք պլանավորում ենք կազմակերպել հանրային քննարկում մինչև սեպտեմբերի վերջ։ Հրավիրելու ենք տնտեսագետների, քաղաքագետների, ցանկացող քաղաքացիների, հենց նույն ՀԾԿՀ-ի ներկայացուցիչներին և իհարկե կփորձենք նաև «Վեոլիաջուր» ընկերության ներկայացուցիչներին հրավիրել, որպեսզի այս հարցը կարողանանք քննարկել։ Կան հարցեր, որոնք մենք ուզում ենք ուղել այդ ընկերության ներկայացուցիչներին, որպեսզի հասկանանք որն է իրենց հիմնական պատճառաբանությունը, թե ինչու են իրենք դիմել սակագնի թանկացմանը։ Մեր կարծիքով՝ մենք չենք լսել որևիցե լուրջ պատաճառաբանում։

-Ինչո՞ւ եք կարծում, որ ջրի սակագնի թանկացումն անհիմն է։

-Այն ուսումնասիրությունները, որ մենք ունենք, առաջին հերթին վրդովմունք է առաջացնում, թե ինչու չկա «Վեոլիաջուր» ընկերության կողմից որևիցե պաշտոնական հիմնավորում։ Իրենք դիմել են ՀԾԿՀ, որպեսզի ջուրը դառնա 194 ամբողջ 3 լումա մի խորանարդի դիմաց։ Այսինքն՝ չկա որևիցե մի պաշտոնական պատճառաբանություն, թե ինչու է դա արվել։ «Վեոլիաջուր» ընկերությունը կնքել է մեր կառավարության հետ պայմանագիր, որտեղ կոնկրետ նշված է, թե որ դեպքում ընկերությունը կարող է դիմել ջրի սակագնի բարձրացման համար։ Օրինակ, երբ երկրում գրանցվում է գնաճ, այսինքն գնաճն այնպիսին է, որ իրենք ստիպված գնում են սակագնի թանկացմանը։ Այս պարագայում ես կարող եմ հստակ նշել, որ պաշտոնական տվյալներով վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի գնաճը կազմել է 0.5-0.9%, որը բավականին նորմալ ցուցանիշ է և այդքան լուրջ խնդիր չկա։ Էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրացել և ավելորդ բեռ չի բերում։ Եվ երրորդն այն դեպքում է, եթե իրենք ունենում են նվազումներ ջրի սպառման քանակի, այսինքն մարդիկ ավելի քիչ են սկսում ջուր օգտագործել և սպառումների ծավալը նվազում է։ Դա նույնպես այդպես չէ, հակառակը, վերջին վեց ամիսների ընթացքում ծավալը 1.2 տոկոսով ավելացել է։ Այսինքն՝ չկա որևիցե հիմք, որը մենք ուսումնասիրում ենք, որ խոսի այն մասին, թե կա անհրաժեշտություն ջրի սակագնի բարձրացման։

Մեկնաբանություն
X