Քաղաքականություն

2018-ի վարչապետի ֆունկցիաները շատ տարբեր են լինելու․ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործող վարչապետի գործունեությանն ու 2018-ից հետո նրա հետագա պաշտոնավարմանը։

«Վարչապետ Կարեն Կարապետյանն իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում արդարացրել է ՀՀԿ-ի սպասելիքները: Կարևորագույն փաստաթղթերի մասին խոսում են դրանց ընդունման ժամանակ, այսինքն՝ ոտքի վրա գնահատական տալ, այն էլ՝ կառավարության գործունեությանը, վարչապետի գործունեությանը, մի քիչ, մեծ ցանկության դեպքում էլ, չի ստացվի»,- ասաց նա:

Այդուհանդերձ՝ Շարմազանովը նշեց, որ տնտեսական միտումները, 6%-ից ավելի աճը, արտահանման աճը դրական միտումներ ապահովում են և կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, քաղաքական մեծամասնության հետ միասին, մեկ քաղաքական թիմ է, որի ղեկավարը հանրապետության նախագահն է. «Լավ աշխատանքի դեպքում կարող ենք իրականացնել այն ծրագրերը, որ միասին ընդունել ենք»:

Հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ 2018-ից հետո էլ Կարապետյանն է լինելու վարչապետ, Շարմազանովն ընդգծեց, թե այսօրվա և 2018-ի վարչապետների ֆունկցիաները շատ տարբեր են լինելու, այսօրվա վարչապետը չունի 2018-ի վարչապետի՝ արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, գործադիրն ամբողջությամբ, ուժային կառույցները ղեկավարելու, անվտանգության որևէ գործառույթ։

«2018-ի խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետն ունենալու է այլ լիազորություններ, որտեղ, անկասկած, տեղ են ունենալու ոչ միայն տնտեսությունը, այլ նախ և առաջ անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը: Թեկնածուի հարցը՝ օրը կգա, բարին հետը, կքննարկենք»:

Մեկնաբանություն
X