Պարոն Բաբայանը չէր կարող ոչ իր կալիբրի մարդկանց հետ շփվել․ Սամվել Բաբայանի գործով վկա (տեսանյութ)

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօր դատարանը քննեց վկա Սուսաննա Հարությունյանին: Վկան նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանին, Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, որին, ըստ Սուսաննա Հարությունյանին, 10 միլիոն հայերն էլ ճանաչում են։

Վկան նշեց, որ ընտրությունների ժամանակ աշխատել է ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբում, որը գտնվել է Էջմիածին քաղաքում:

«Պարոն Բաբայանը չէր կարող ոչ իր կալիբրի մարդկանց հետ շփվել: Սանոյին, որ բռնեցին, լուրն իմանալուց հետո, մարտի 22-ին զանգել եմ Սամվել Բաբայանին և ասել, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Սանասարին: Բաբայանն ասեց՝ լավ են արել: Ավելի ուշ եկավ Սամոյի ընկերը՝ Աշոտը և ասաց, որ խոսելու բան կա: Աշոտը մտավ Բաբայանի սենյակ և սկսեց պատմել , թե ինչպես են ձերբակալել Սանասարին: Բաբայանը ավելի ուշ ինձ ասաց, որ դուրս գամ: Ես գնացի շտաբ: Ավելի ուշ իմացա, որ Սամվել Բաբայանին ձերբակալել են։ Հայաստանում բոլորը գիտեն, թե որ գեներալն է Հայաստանում գոմեշի միս տալիս բանակին, որ գեներալ է հող ծախում: Բաբայան Սամվելին տասը միլիոն հայ է ճանաչում, և բոլորն էլ հպարտանում են նրանով»։

Սուսաննա Հարությունյանը դժգոհեց նաեւ ԱԱԾ-ի աշխատակիցներից՝ նշելով, որ Լենկ Թեմուրի նման արշավել են իր տան վրա եւ հարգանք չենք ցուցաբերել։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X