ՕՐՕ դաշինքի բացիկը դրել է «Իգլայի» վրա եւ նկարել․ նոր մանրամասներ Սամվել Բաբայանի եւ մյուսների գործից

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ «Իգլա»-ի գործով նիստին հարցաքննվեց մեկ այլ վկա՝ Հրաչյա Մայիլյանը, որն այս գործից անջատված մասով նաեւ մեղադրյալ է:

Հրաչյա Մայիլյանը հրաժարվեց ցուցմունք տալ և խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները: Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Մայիլյանի ծանոթը՝ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանը, որին Էջմիածնում դիմում են «Ժորիկ» անունով, իրեն խնդրել է հետաքրքրվել Վրաստանից «Իգլա» տեսակի զենք ձեռք բերելու մասին, քանի որ ինքը Թբիլիսիում ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում․ «Չգիտեի՝ ի՞նչ զենքի մասին է խոսքը: Ժորիկն ասեց, որ դա տանելու է Ղարաբաղ եւ տա բանակին, որ իրեն պաշտոն տան, իսկ թե ում է տալու՝ չգիտեմ: Հետո պարզվեց, որ «Իգլան»-ն պետք է եղել Սանասար Բաղդասարյանին: Դիմեցի Օթար անունով վրաստանցի ծանոթիս, որն ասաց, որ իրենց մոտ նման զենք չկա: Վերադարձա Էջմիածին եւ Ժորիկին ասացի, որ չկա նման զենք: Հետո ինքնաթիռով գնացել ենք Ուկրաինա, որտեղ Ժորիկը ծանոթներին հարցուփորձ է արել «Իգլա»-ի մասին: Բացասական պատասխան ստանալով՝ վերադարձել ենք Հայաստան: 2017թ. սկզբին էլի գնացել ենք Թբիլիսի, ցանկանում էինք ձկնաբուծությամբ զբաղվել, Ժորիկն էլ մեր հետ եկավ, ես բնականաբար համաձայնվեցի, քանի որ ինձ մոտ բավարար գումար չկար եւ գումար էր անհրաժեշտ ընթացիկ ծախսերի համար»,-ասված է նախաքննական ցուցմունքում։

Հրաչյա Մայիլյանը նշել է, որ Արմեն Պողոսյանը՝ նույն Ժորիկը, իրեն ծանոթացրել է Ռոբերտի հետ, ով Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին է: Ռոբերտը ասել է, որ եթե Եվրոպա գնացող եզդիներից զենք պետք լինի, ապա ինքը կարող է այդ հարցը լուծել:
Նշենք, որ Ռոբերտի հետ ծանոթացել են Վրաստանում: Հետո Ռոբերտը ասել է, որ կարող է ուզած զենքը գտնել: Ավելի ուշ Ռոբերտը ցույց է տվել հրթիռի նկարները: Սակայն զենքի վրա պակաս մասեր են եղել: Ռոբերտը ասել է, որ Էջմիածնում կա ազատամարտիկ, ով կարող է պակաս մասերը գտնել. «Ես Ռոբերտին խնդրել եմ հետաքրքրվել «Իգլա»-ի վաճառքի մասին: Հետո Ժորիկը հանդիպել է Ռոբերտին, որը խոստացել է օգնել «Իգլա» ձեռք բերելու հարցում: Փետրվարին Ռոբերտն ասել է՝ զենքը կա, բայց մարտկոցն ու ինչ-որ այլ մաս է բացակայում: Այդ մասին հայտնել եմ Ժորիկին: Նա խնդրեց լուսանկարել, հետո տեսավ նկարները ու ասաց, որ լավը չեն, պարզ չի երեւում: Մութ ժամանակ եմ նկարել»:

Ըստ ցուցմունքի՝ մարտի կեսերին արդեն Ռոբերտը Հրաչյա Մայիլյանին հայտնել է, որ «Իգլա»-ն արդեն ՀՀ-ում է՝ Էջմիածնին հարակից ավտոճանապարհներից մեկի հատվածում. «Արշալույս գյուղի դաշտերից մեկում Ռոբերտը ցույց տվեց պոլիէթիլենային տոպրակի մեջ կանաչ գույնի խողովակատիպ սարք: Նկարել եմ, որ ցույց տամ Ժորիկին: Զենքը թողել ենք նույն տեղում եւ վերադարձել Էջմիածին: Ժորիկն ասաց, որ զենքն արժի 35 000 ԱՄՆ»։

Հրաչյա Մայիլյանն իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ «Իգլա»-ն վերցրել է նույն գյուղի ճանապարհի եզրից, իր մեքենայով տարել իր տուն, այնուհետեւ Արմեն Պողոսյանը եկել է եւ իր պլանշետով նկարել զենքը՝ ՕՐՕ դաշինքի բացիկը զենքի վրա դրած։
Ըստ Հրաչյա Մայիլյանի, որպեսզի «Իգլան» հանկարծ իր տանը վնաս չտա, այն տարել ու պահել է իր հանգուցյալ հորեղբոր տանը, որտեղ ոչ ոք չի բնակվել, սակայն Արմեն Պողոսյանը հրաժարվել է զենքը գնելուց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ մասեր են բացակայում: «Ինձ կեղծ փաստաթղթեր օգտագործելու փաստով հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, որի ժամանակ էլ որոշեցի պատմեմ կատարվածի եւ «Իգլա»-ի մասին»։ Հրաչյա Մայլիյանը պնդել է, որ իրեն «քցել» են եւ ինքը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի ու այն չի ընդունում։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X