Առեւանգել են եւ փորձել բռնաբարել 17-ամյա աղջկան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են անչափահաս աղջկան առեւանգելու եւ վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առեւանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված 1999թ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ աղջկան առեւանգել են Լոռու մարզի 4 բնակիչ. նրան նախ տեղափոխել են քաղաք Գյումրի, ապա՝ Երեւան, այնուհետեւ՝ Էջմիածին, որտեղ գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում երիտասարդներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ, սակայն վերջինս դիմադրել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի եւ 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում: Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի եւ 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ անչափահասի առեւանգմանը մասնակցություն ունեցած 4-րդ անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանություն
X