Մեգերյան ընկերությունը 100 տարեկան է, հյուրերի ցանկում են երկրի առաջին դեմքերը

Հայկական գորգագործական արվեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող Մեգերյան ընկերությունը նշում է իր գործունեության 100-ամյակը։ Միջոցառումը, որին հրավիրված է շուրջ 350 անձ, տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ին, «Մեգերյան Կարպետ» ընկերությունում: Հյուրերի ցանկում են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, դեսպաններ և այլք։

Միջոցառման ընթացքում Հայաստանի Մանուկների հիմնադրամի նախագահ Գարո Արմենը և Մեգերյան ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը կկտրեն հոբելյանական գորգը, որը գործվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդների կողմից «Մեգերյան կարպետ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ մի քանի ամսվա ընթացքում։

Միջոցառմանը համ ու հոտ կհաղորդեն ոչ միայն հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, այլև արտասահմանից հրավիրված հայ երաժիշտներ, ինչպիսիք են՝ համաշխարհային օպերային երգչուհի Ուրֆա Զաքարյանը, Գերմանիայի կիթառահարների ասոցացիայի նախագահ՝ Ժորա Սարգսյանը և այլք։

Մեկնաբանություն
X