Դատավորների գործուղման կարգի պատճառով գործերը տարիներով քննվում եւ քննվում են

Դատավորների գործուղման կարգը դարձել է իսկական պատուհաս դատական նիստի կողմերի համար։ Որոշ փաստաբաններ նոր չէ, որ բողոքում են այդ ինստիտուտի թերի լինելուց: Խնդիրն այն է, երբ որևէ դատավորին փոխարինող այլ դատավոր է գործուղվում և նրա գործերը մակագրվում են գործուղվողին, կողմերը ստիպված են լինում դատական պրոցեսը սկսել զրոյից, որը ժամանակի տեսանկյունից արդյունավետ չէ։ Եվ մարդիկ ստիպված են լինում տարիներով սպասել «արդարադատության»:

Նման շրջապտույտի մեջ են հայտնվել նաիրիտցիները: Նրանց ճակատագիրը պետք է որոշեր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Իշխան Բարսեղյանը, ով, ինչպես գիտեք, ինքն է կանգնել դատարանի առջև: Նարիրիտի գործը, մի քանի հարյուր գործերի հետ, ժառանգել է Շենգավիթի դատարան գործուղված դատավոր Գ. Նարինյանը: Գործով փաստաբան Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատավոր Նարինյանը ամիսներ առաջ 7 ամսով հետաձգել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների դատը, որոնք պահանջում են չեղյալ համարել աշխատավարձերի ստացման համար ստորագրված պայմանագրի 2-րդ կետը, ըստ որի՝ նրանք հրաժարվում են աշխատավարձերի ուշացման տույժ-տուգանքներից: Փաստաբանը կարծիք հայտնեց, որ իրավունքի դատական պաշտպանությունն այս պարագայում դառնում է անարդյունավետ. «Պրակտիկան այնպես է, որ դատական գործերը տարիներով ձգվում են, ինչու է այդպես, որովհետև մեր դատական համակարգը մեղմ ասած ի զորու չէ մարդու խնդիրը ողջամիտ ժամկետում քննել և լուծել, տարիներով ձգձգվում է։ Կամ դատավորների դանդաղաշարժությունից է գալիս, ոչ պրոֆեսիոնալիզմից, կամ գերծանրաբեռվածությունից: Հիմա մեր պետությունը կամ պետք է այնպիսի պրոֆեսիոնալներ բերի, որոնք կարողանում են արագ ողջամիտ ժամկետներում քննել, կամ դատավորների թիվը պետք է ավելացնել։ Ամեն դեպքում այս պահին խնդիր կա, քաղաքացին դատարան է դիմում, չի կարողանում իր իրավունքը վերականգնել իսկ եթե իրավունքը 5-6 տարի հետո է վերականգնվում, արդեն դրա վերականգնումն այդ հատվածում կարող է մարդու համար որևէ արժեք չունենալ»:

Անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների դատական պրոցեսին՝ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ դիմել էին Արդարադատության խորհուրդ, սակայն ապարդյուն. «Երբ Նարինյանը 7 ամսով մեր դատական նիստը հետաձգեց ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ, մենք դիմեցինք արդարադատության խորհուրդ։ Մենք նշեցինք, որ դատավորի վարքագծի կանոնի խախտում կա, որովհետեւ դատավորի վարքագծի կանոններում սահմանված է, որ դատավորն այնպես պետք է քննի գործերը, որ դատավարության մասնակիցների մոտ տպավորություն չստեղծվի, որ իրավունքի դատական պաշտպանությունն անարդյունավետ է, իսկ եթե ինքը 7 ամսով հետաձգվում է, այդ տպավորությունը ստեղծվում է։ Արդարադատության խորհուրդը գտավ, որ Նարինյանի գործողություններում վարքագծի կանոնների խախտում չկա»:

Ի դեպ, ուսումնասիրելով Դատալեքս դատական տեղեկատվական համակարգը՝ պարզեցինք, որ «Նաիրիտի» գործով նախնական դատական նիստը եղել է մարտի 14-ին, հաջորդ նախնական դատական նիստը՝ ապրիլի 27-ին և մյուսը նշանակվել է սեպտեմբերի 22-ին՝ 5 ամիս հետո: Ուշագրավ է, որ ամիսների տարբերությամբ նշանակված գործերը բազմաթիվ են: Ապրիլի 27-ի մի քանի նիստեր ևս նշանակված են սեպտեմբերի վերջին:

Դատավոր Գ.Նարինյանը հրաժարվեց մեզ հարցազրույց տալ, բայց «Նարիրտի» նիստի հետաձգման մասին մեր պնդմանը, ասաց. «Դատական նիստերը դատավորի քմահաճույքով չեն նշանակվում: Դրանց ժամկետները պայմանավորված են, հիմնականում կատարվելիք դատավարական գործողություննրի բնույթով, դատարանի ծանրաբեռնվածությամբ և այլ ողջամիտ պատճառներով: Ձեր նշած գործը ևս բացառություն չէ»: Գ. Նարինյանի երեք ամսով երկաձգված գործուղումն ավարտվում է «Նաիրիտի» նիստից տասը օր առաջ: Եթե հաշվի առնենք, որ դատավորի խոսքով, դատարանը ծանրաբեռնված է, ուրեմն, նրա փոխարեն այստեղ այլ դատավոր պետք է գործուղվի, ում էլ, ենթադրաբար կփոխանցվի գործը: Իսկ սա նշանակում է, որ նաիրիտցիների գործի քննությունը կսկսվի զրոյից: Մինչդեռ, դատական օրենսգրքի 14-րդ հոդվածը հնարավորություն է տալիս, որ դատավորի գործուղումը շարունակվի այնքան ժամանակ, մինչև վերջինս ավարտի իր վարույթում եղած գործերը:

Հավելենք, որ Նաիրիտի նման տարբեր դատարաններում հարյուրավոր գործեր ձգձգվում են գործուղման համակարգի անարդյունավետության պատճառով: Իսկ գործուղման ժամանակ չավարտած գործերի դատաքննության ընթացքում դատավորի արած ամբողջ աշխատանքն ընկնում է ջուրը: Հարց է ծագում, ինչո՞ւ դատական համակարգը չի օգտվում օրենքի այս տառից՝ օգնելով և վեճի կողմերին, և ավելի արդյունավետ օգտագործելով սեփական ռեսուրսները:

Դատական դեպարտամենտից չցանկացան մեկնաբանել դատավորների գործուղման կարգի հետ կապված բողոքները:

Մեկնաբանություն
X