«Միսս Արմենիա»-ի գեղեցկուհիները՝ Գյումրու փողոցներում

>

Երկար դադարից եւ քաշքշուկներից հետո ի վերջո «Միսս Արմենիա» 2017 գեղեցկության մրցույթը կկայանա: Այս պահին մրցույթի բոլոր փուլերը հաղթահարել են 24 գեղեցկուհիներ: Հանրապետության երկրորդ քաղաքը «Միսս Արմենիա»-ում նույնպես ներկայացուցիչ ունի: Գյումրեցի 18-ամյա Էդուարդա Բաղդասարյանը պայքարելու է «Միսս Արմենիա» տիտղոսի համար:

Սևահեր գյումրեցին մրցույթի ֆավորիտներից է: Այս կարծիքին են ինքնավստահ գյումրեցիները: Նույնիսկ կատակում են. «Մե տեղ, որ մենք կանք, չի կըռնա ուրիշ ձև էղնի, մինակ հաղթանակ»: Այսօր 24 գեղեցկուհիներն էլ Գյումրի էին այցելել՝ շրջելու արհեստների եւ արվեստների քաղաքով: Ի դեպ, սա բխում է մրցույթի պահանջից: Գեղեցկուհիները պետք է ծանոթ լինեն հայկական մշակույթին, հստակ պատկերացում ունենան Հայաստանի տեսարժան վայրերի մասին: Առաջին կանգառը Գյումրին էր: Գյումրեցիների շրջանում խանդավառություն էր առաջացել, երբ այդքան գեղեցկուհի միասին շրջում եւ լուսանկարվում էին Գյումրու փողոցներում: Նրանք մի քանի ժամ անցկացրին Գյումրիում, եղան պատմամշակույթային վայրերում: Նշենք նաև, որ աղջիկներին մինչ այդ հյուրընկալել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն իր տեղակալների հետ շտապել է հանդիպել 24 գեղեցկուհիների հետ, տորթ ու խմիչք է պատվիրել, մի խոսքով՝ ջենթլմենին վայել ընդունելություն է կազմակերպել ։

Հիշեցնենք, որ «Միսս Արմենիա-2017» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում, իսկ հաղթող աղջիկը հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում։ Մրցույթը կազմակերպվել և անցկացվում է «Միսս Արմենիա համահայկական հիմնադրամ»-ի կողմից՝ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների հովանավորությամբ:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X