Փնտրվում է բարեփոխիչ

Պատմության մեջ մնում են ոչ թե այն գործիչները, որոնք կայունություն են ապահովել իրենց, ընտանիքի ու պետության համար, այլ համարձակ բարեփոխիչները, հեղափոխականները, որոնք թռիչքաձեւ զարգացում են ապահովել, չեն վախեցել քննադատություններից եւ կոտրել են ստերեոտիպները, զարգացման առաջ կանգնած խոչընդոտները։ Որքան էլ հայհոյեն ու ծաղրեն Միխայիլ Սահակաշվիլուն, նա հենց նշածս բարեփոխիչներից է, այն անձանցից, ով չի վախենում ծաղրից ու քննադատությունից, պաշտոնաթողությունից ու չհասկացվելուց։ Մեր իրականության մեջ նման մարդիկ չկան կամ քիչ են, եղածներն էլ այնպես է քարկոծվում հասարակության կողմից, որ կորցնում են որեւէ համարձակ քայլ անելու ունակությունը։ Ժամանակին նման գործիչ լինելու քիչ թե շատ շանսեր ուներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը բարեփոխիչ վարչապետ նշանակեց՝ չվախենալով Հրանտ Բագրատյանի համարձակ որոշումներից։ Բազմաթիվ նոր գաղափարներ ու նախաձեռնություններ դրվեցին շրջանառության մեջ՝ բոլոր ոլորտներում։ Խոսվում էր Սովետմիությունից ժառանգություն մնացած կառույցները քանդելու, վերացնելու, նոր՝ ժամանակակից կառույցներով փոխարինելու մասին։ Բայց այդ բոլոր կառույցներում մարդիկ էին աշխատում՝ հնից կառչած, նոր բան անելու անընդունակ, պարզապես աշխատավարձ ստացող, ինչպես նաեւ՝ ագրեսիվ։ Նրանց դիմադրությունը, բողոքը վախեցրեց իշխանություններին։ Այդ ճանապարհով լռեցրին Գիտությունների ազգային ակադեմիան, ստեղծագործական միությունները եւ այլ կառույցներ վերացնելու մասին խոսակցությունները, որոնք չգործող, պետական բյուջեի վրա նստած պարազիտ համակարգեր էին։ Այնպես որ՝ պետք չէ զարմանալ, երբ Նարեկ Սարգսյանն ասում է․ «Իմ քաջությունը չի բավարարի, որ անկեղծ ասեմ, թե ինչ եմ մտածում միությունների մասին»։

Մեկնաբանություն
X