Խելոք իշխանությունը կդիմեր իր ընդդիմությանը

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը մեկնարկեց կարեւոր իրադարձություններով․ նախ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակից Իշխան Զաքարյանն էին ներկայացել նիստին, ապա նաեւ Ելքի»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու բազմաչարչար գաղափարը նախագծի տեսքով շրջանառության մեջ դրվեց։ Ամռան ամիսներին քաղաքական շրջանակներում տարակարծիք էին, թե «Ելք»-ում միասնական հանգրվանի կգան այս հարցի շուրջ, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմը խուսափում էր հստակ դիրքորոշում ցուցաբերել ԵԱՏՄ-ի մասին։ Մինչդեռ երկու օր առաջ կայացրած կոնսենսուսային որոշումից հետո «Ելքը» երեկ նախագիծը դրեց շրջանառության մեջ։ Այն երկշաբաթյա ժամկետում պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում, ապա գա մեծ օրակարգ։

«Ելքի» պատգամավորները երեկ վստահեցնում էին, որ իրենք «այլընտրանքային» գործիքներ ունեն, որոնց կիրառման շնորհիվ նախագիծն անպայման կմտնի մեծ օրակարգ։ Թե ինչի մասին է խոսքը, չմանրամասնեցին։ Ներկայացված նախագծում մանրամասն փաստարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությունը, քանի որ դրան միանալու արդյունքում «էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»։ «Փաստելով, որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները՝ 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ․ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են՝ հասնելով 81 միլիարդ դրամի»,- նշված է նախագծում։
Իշխող Հանրապետականի ներկայացուցիչները երեկ հրաժարվում էին հարցի վերաբերյալ կարծիք հայտնել, հորդորում էին սպասել, մինչեւ նախագիծը դրվի քննարկման, որից հետո իրենք իրենց հակափաստարկները կներկայացնեն։ «Այդ հայտարարությունը պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում: Դեռ նախագիծը չենք ստացել՝ որպես տեքստ, բայց, ընդհանուր առմամբ, քաղաքական տեսակետից մեկնաբանեմ․ կարծում եմ՝ այդ փաստաթուղթը չի համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքական եւ արտաքին տնտեսական շահերին եւ մեր արտաքին քաղաքականության գերակայության շրջանակներում չէ»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ հարցը չորով փակեց։ «Չեմ կարդացել, չգիտեմ... Չեմ կարեւորել, չեմ կարդացել»,- ասաց նա։

«Ելքի» նախաձեռնությունը խորհրդարանական որեւէ խմբակցության կողմից աջակցություն կստանա, թե ոչ՝ դեռեւս պարզ չէ։ Գագիկ Ծառուկյանը երեկ տեղեկացրեց, որ «հրահանգել» է խմբակցությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերել նախագծի քննարկումներին։ Ծառուկյանը, այնուամենայնիվ, նկատեց, որ ուրիշ երկրների կողմից ավելի լավ առաջարկներ չկան, որոնք ավելի մեծ ներդրումներ կխոստանան։ «Երեւի մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում։ 200 միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկումը եւ ոչ թե աչքի տեղն ունքն էլ հանել»,- եզրափակեց Ծառուկյանը: ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը սեփական տեսակետը ներկայացրեց, քանի որ դաշինքում դեռ քննարկում չի եղել․ «Դուրս գալ-ներս մտնելու խնդիրը բացարձակապես կապ չունի մեր զարգացման հետ, ավելին՝ այդ թեմայով խոսելը, այսինքն՝ մեր ձախողումներն ուրիշի վրա բարդելն ինքնին տհաճ է, որովհետեւ դու դադարում ես խոսել քո աշխատանքից, քո արդյունավետությունից։ Գնա աշխատի, ո՞վ է քեզ խանգարում։ Եթե մենք աշխատենք, ապա ինքնըստինքյան կծագի այն տիրույթը, որի հետ կհամագործակցենք։ Մենք մի բան էսօր չենք կարողանում արտադրել, որ գրավենք եվրոպական շուկաների ուշադրությունը, սակայն ԵԱՏՄ-ում մեզ մեծ շուկա է տրված»։ Բոստանջյանը քաղաքական առումով համաձայն է «Ելքի» հետ, սակայն կարծում է, որ այս հարցում էլ գույները պետք չէ խտացնել։ Հիշեցմանը՝ բայց չէ՞ որ Հայաստանին Պետդումայի ղեկավարն անգամ առաջարկեց ռուսերենը պետական երկրորդ լեզու դարձնել, ինչից հետո «Ելքը» գործի անցավ, Բոստանջյանն արձագանքեց․ «Ո՞վ էր առաջարկողը, ես չեմ կարծում, որ նա գրագիտության ամենաբարձր մակարդակն ունի։ Կարող է պատահի՝ տղերքով հավաքված են, խոսել են, ինքն էլ մտածել է՝ առաջինը ես ասեմ։ Ինքը խելք ունենար՝ էդ բանը չէր ասի»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն զգուշացնում է՝ դեմ են քվեարկելու նախագծին, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, խաղուպար չէ՝ այսօր մտնել, վաղը դուրս գալ․ «ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեզ համար ապահովել է կայուն եւ խաղաղ զարգանալու հնարավորություն եւ միջավայր, մենք մեր անվտանգության հարցերի հետ կապված ուրիշ այլընտրանք չունենք, դժբախտաբար»։ Ռուստամյանի կարծիքով, մենք ունենք եւ-եւ-ի հնարավորություն եւ պետք է փոխլրացնենք, այլ ոչ թե գնանք մի ուղղությամբ․ «Սա բացում է նոր դաշտ մեր ռեսուրսները մեծացնելու, մեր զարգացման համար»։ Սակայն թե ինչ հաջողություններ ենք ձեռք բերել այդ միության կազմում, Ռուստամյանը կոնկրետ չի նշում։ Նրա համոզմամբ՝ ապրիլյան պատերազմում տարած հաղթանակն էլ ԵԱՏՄ-ի խոստացած անվտանգության երաշխիքների շնորհիվ է եղել․ «Փաստը մնում է փաստ, չէ՞, թե մենք ինչ ռեսուրսով ենք կարողացել հաղթել այդ պատերազմը»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ընդգծեց, որ նախաձեռնության նպատակն ավելի շատ հանրությանն է ուղղված․ «Մեր ժողովուրդը հետեւություններ անելու սովորություն չունի, ես ուզում եմ, որ ժողովուրդը հետեւություն անի եւ մտածի՝ 1915-20-ական թվականներին մենք ինչ պետք է անեինք, որ այդ ամենը տեղի չունենար»։ Մինչդեռ, նրա խոսքով, 90-ականներին, երբ մենք մեր հույսը դրեցինք մեզ վրա, հակառակորդին հաշտության պայմանագիր պարտադրեցինք․ «Մենք չենք ասում՝ ռուսները վատն են, պետք չէ իրենց հետ հարաբերություն ունենալ, մենք ասում ենք՝ ռուսների հետ պետք է փոխադարձ հարաբերություն ունենալ, բայց դա չի նշանակում, որ մեզ պետք է պարտադրեն, այդ ամբողջ էներգետիկ համակարգը վերցրել են իրենց ձեռքը եւ ցանկացած հարցում դարձրել մահակ»։ Բացի դաստիարակչական գործոնից, ի՞նչ օգուտ է տալու նշված նախաձեռնությունը։ «Եթե քաղաքական մեծամասնությունը խելոք լինի եւ առաջնորդվի զուտ Հայաստանի պետության շահերով, կարող է այս նախաձեռնությունից լուրջ օգուտներ քաղել։ Խելոք իշխանությունը կդիմեր իր ընդդիմությանը, որպեսզի իր ընդդիմությունը նման քայլեր աներ»։

Սակայն քաղաքական որոշ շրջանակներ կասկածներ ունեն, որ «Ելքի» եւ իշխանության միջեւ փոխպայմանավորվածություն կա նշված նախաձեռնության հարցում, որպեսզի, ըստ այդ տեսակետի, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի դեմ խաղաթուղթ ունենա՝ ի դեմս արմատական ընդդիմության եւ երկրում տիրող հակառուսական մթնոլորտի․ «Կան շրջանակներ, որ ինչ էլ անես, միեւնույն է, ասելու են՝ կապ կա։ Էս իշխանությունը նույնիսկ կվախենա բարձրաձայն նման բան մտածել, որ հանկարծ ռուսները չլսեն ու չասեն՝ էս ի՞նչ խաղ ես անում, ու պրծավ իր իշխանությունը։ Էս իշխանությունն այդքան դուխ չունի, որ որեւէ ընդդիմադիրի հետ պայմանավորվի ու ասի՝ ես գնամ, մեր շահերից բաներ խոսեմ։ Ո՜ւր էր նման իշխանություն։ Մենք իրենց կոչ ենք անում՝ թող գան քվեարկեն, եթե չեն էլ քվեարկում, թող դրա դիմաց գնան Աբխազիայի երկաթուղին բացեն, դրա դիմաց կարող են լրացուցիչ զենքի պաշարներ բերել Հայաստան, դրա դիմաց կարող են Ղարաբաղի հարցով իրենց պազիցիաներն ուժեղացնեն։ Ես դա մեծ ձեռքբերում կհամարեմ «Ելքի» կողմից, որ կարողացանք հասնել նրան, որ Հայաստանի իշխանությունը, հանձինս մեզ, կարողանա նման բաներ անել։ Բայց, ախր, այս իշխանությունը դրան էլ ընդունակ չէ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X