Ինչու՞ է վարչապետը խուսափում իր տան մոտ հանդիպել մարդկանց․․․

Մեկ տարի է արդեն, ինչ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում է։ Թե ով ինչ կասի նրա պաշտոնավորման մասին, փաստ է, որ կասի քաղաքական նկատառումներով։
Բայց այն ինչ նկատել եմ ես, քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի։

Կարեն Կարապետյանը այդպես էլ «պաշտոնյա չդարձավ», լավ իմաստով․ նա չմտավ պաշտոնական, ինչպես Վովա Գասպարյանը կասեր, համազգեստի մեջ։ Գուցե դա է պատճառը, որ մարդկանց նա դուր եկավ՝ իր փափուկ խոսքով, նուրբ հումորով, արվեստագետի զգացմունքայնությամբ, բարի ժպիտով ու ամենակարևորը՝ մարդկանց լսելու, դուր գալու կարողությամբ։ Մի ուրիշ երկրում, հավատացած եմ, նա կգնահատվեր, իսկ մեզ մոտ, պաշտոնյային պատկերացնում են այնպես, ինչպես տեսնում են ու այլ ձևի պաշտոնյա չեն պատկերացնում։

Շատերի հետ եմ զրուցել, ովքեր կարողացել են հանդիպել, «բռնեցնել վարչապետին»։ Անգամ իր տան շրջակայքում։ Վերջերս մեկը պատմում էր, որ առավոտ շուտ իրեն հաջողվել է տեսնել վարչապետին։ Իհարկե, նախապես ճշտելով, թե որ տանն է և որ ժամի է դուրս գալու։ Զարմացած էր․

վարչապետը ուշադիր լսում էր ինձ, ինձ թվում էր, թե իմ հուզմունքին արձագանքում է։ Հետո ասացի, թե ինչքան եմ չարչարվել՝ հանդիպել նրան։ Ժպտաց՝ տան մոտ չեմ ուզում հանդիպել մարդկանց, «խասյաթ կդառնա»,- ասաց նա։ Ուրիշի չասեք, որ հանդիպել եք։

Կասեք՝ սա փոքրիկ դրվագ է։ Բայց նման փոքրիկ դրվագները մարդկանց մեջ հույս են արթնացնում։ Իսկ հույսը ապրելու, դժվարությունը հաղթահարելու առաջին քայլն է։

ՀԳ Քաղաքական դաշտը դաժան դաշտ է, սեպտեմբերի 15-ին՝ վարչապետի պաշտոնավորման մեկ տարին է, կհանդիպենք այդ դաշտում, ու հավատացած եմ, թուր ճոճողների պակաս չի լինի․․․ Բոլորը կմոռանան, որ Հայաստանի տնտեսության գահավիժման գործում իրենք էլ իրենց «հիմքային ավանդն ունեն»։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X