Արմավիրցիները ո՛չ տրակտորի ձայն լսեցին, ո՛չ էլ ներդրումներ տեսան

Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տարիներ շարունակ փորձում է սեփական նախաձեռնությամբ ներդրումներ ապահովել ու չի ստացվում: Այսպես՝ 2008 թ. փոխգործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ Արմավիրի մարզպետարանի եւ ՌԴ Յարոսլավի նահանգի միջեւ, համաձայն որի՝ ռուսներն Արմավիրում պետք է փոքր տրակտորների արտադրություն հիմնեին: Հուշագրի ստորագրումից հետո նույնիսկ փոխայցեր են եղել: Մարզպետի ղեկավարած պատվիրակությունը հյուրընկալվել է ռուսներին, իսկ յարոսլավցիներն Արմավիր են այցելել: Անցել է 9 տարի: Արմավիրում փոքր տրակտորների արտադրություն դեռ չի իրականացվել:

Համագործակցության հաջորդ պայմանավորվածությունը 2009-ին էր՝ Արմավիրի մարզպետարանի եւ Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի իշխանության միջեւ: Որոշվել էր խորացնել կապերն Արմավիրի եւ Տռնավայի առեւտրաարդյունաբերական պալատի մակարդակով: Այդ օրվանից անցել է 8 տարի, բայց Արմավիրում սլովակյան ներդրումների հետքն էլ չի երեւում: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաեւ իրանցիների հետ՝ դարձյալ 2009 թվականին: Ըստ հուշագրի՝ Արմավիրում պետք է Արեւմտյան Ատրպատականի առեւտրային համալիր հիմնվեր, իսկ Արեւմտյան Ատրպատականում՝ Արմավիրի առեւտրային համալիր: Կրկին փոխայցեր ու ծախսեր, բայց, ինչպես ասում են, անունը կա, ամանում չկա: Չստացված ծրագրերը, սակայն, մարզպետ Ղահրամանյանին չեն հիասթափեցրել: Շարունակելով պոտենցիալ ներդրողների փնտրտուքը՝ 2014-ին էլ կանգ է առել բելառուսական շուկայում: Հանդիպել եւ Հայաստանում Բելառուսի դեսպանին առաջարկել է լիզինգով ու 4 տոկոս տոկոսադրույքով Արմավիրի մարզին տրակտորներ վաճառել: Դեսպանը նույնիսկ որոշակի քայլ է արել՝ 20 տոկոս կանխավճարի փոխարեն առաջարկել 15-ը: Անցել է երեք տարի, սակայն բելառուսական տրակտորների ձայնն Արմավիրում դեռ չի լսվում:

2014 թվականին մեկ այլ հուշագիր էլ է ստորագրվել, այս անգամ՝ Արմավիրի մարզի եւ Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան երկրամասի միջեւ: Կողմերը պայմանավորվել են Օստրավայում Արմավիրի տուն, իսկ Արմավիրում Օստրավայի տուն հիմնել: Տները դարձյալ չկան:

Չհաջողած նախաձեռնություններն այսքանով չեն ավարտվում: Ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ այսօր մարզում գրեթե ոչինչ չի փոխվել: Խաղողագործներն ու այգեգործները դեռ մայրուղի են փակում՝ կարկուտից ու այլ տարերքներից տուժած իրենց տնտեսությունները ոտքի կանգնեցնելու, որոշներն էլ՝ քչից-շատից ունեցած բերքի իրացումը կազմակերպելու խնդրանքով։

Բայց արի ու տես, որ պետբյուջեից անուղղակիորեն սնվող տեղական «Հայրենականչ» թերթը մարզպետին տարվա լավագույն ղեկավար է ճանաչում, իսկ վարչապետ Կարապետյանն իր գոհունակությունն է հայտնում մարզում կատարվող քայլերից: Օգոստոսին Արմավիրի մարզ կատարած այցից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ այդպես էր նշվել:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X