ԵԱՏՄ-ից դուրս եկողը ՀԱՊԿ-ից դուրս գալուց չի վախենա

Արդյոք ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական բլո՞կ է, կամ ՀԱՊԿ-ն՝ զուտ պաշտպանական: «Ելք»-ի հարգարժան պարագլուխները (բառի լավ իմաստով), վստահ եմ, կասեն՝ ոչ, դրանք ավելի շուտ եւ ամենից շատ քաղաքական կառույցներ են, քան զուտ տնտեսական եւ պաշտպանական:

Ի՞նչ են մեզ հուշում Ուկրաինայի դուրս թռած աչքերը: Դրանք մեզ հուշում են, որ ԵՄ-ն զուտ տնտեսական բլոկ չէ, եւ ոչ էլ ՆԱՏՕ-ն՝ զուտ պաշտպանական: ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն քաղաքականություն են՝ նախեւառաջ: Նույնը Վրաստանի համար կարելի է ասել, Մոլդովայի…

Բելառուսը Եվրոպայից շատ հեռու չէ, բայց Բելառուսն ընտրել է ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը: Սա ամենեւին չի նշանակում, որ Մինսկը Մոսկվայի հետ խնդիրներ չի ունենում: Բայց նույնիսկ անհաղթահարելի խնդրի առաջացման դեպքում Բելառուսը չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, ասոցացվել, գնալ դեպի ԵՄ՝ մնալով ՀԱՊԿ-ում: Ասել է թե՝ ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն, քաղաքական կառույցներ լինելով հանդերձ, նաեւ փոխկապակցված, միմյանց փոխլրացնող քաղաքական կառույցներ են: Որոշ վերապահումներով նույնը կարելի է ասել նաեւ ՆԱՏՕ-ԵՄ փոխկապակցվածության մասին: ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարող ԵԱՏՄ անդամ դառնալ: Դա թուրքական մտածողության ոլորտից է՝ էրդողանիզմ, որին հավատում է, եթե հավատում է, միայն Պուտինը:

Ոմանք կարող են չհամաձայնել՝ հակադարձելով, թե մենք ՀԱՊԿ անդամ էինք, երբ դեռ ԵԱՏՄ-ն չկար: Այո, ճիշտ է: Բայց եկեք փորձենք հիշել, թե մինչեւ ԵԱՏՄ-ի ի հայտ գալն ինչ էր ՀԱՊԿ-ն եւ ինչ է այն հիմա, երբ ՀԱՊԿ անդամ երկրները (գրեթե բոլորը) նաեւ ԵԱՏՄ անդամ են: ԵԱՏՄ-ն գործում է, թե չի գործում, արհեստական է, թե արհեստական չէ, դրանից տնտեսական շահ ունենք, թե չունենք, միեւնույն է, քաղաքական բաղադրիչ է, որ առկա է ՀԱՊԿ շրջանակի երկրների հարաբերություններում: Եթե մինչեւ ԵԱՏՄ-ի հռչակումը ՀԱՊԿ անդամ երկրները բացահայտ թշնամաբար էին տրամադրված Հայաստանի նկատմամբ (Բելառուս, Ղազախստան) եւ միջազգային կառույցներում կողմ էին քվեարկում հակահայկական բանաձեւերին, ապա հիմա իրավիճակն այլ է: Չենք ասի, թե հարաբերությունները հիմա ուղղակի մեղրուկարագ են, բայց այն հանգամանքը, որ նրանց այսօր տնտեսապես ավելի հետաքրքրում է ԵԱՏՄ շուկան, քան արեւմտյան որեւէ այլ շուկա, որտեղ նրանց մուտքը գրեթե անհնար է, նրանց ստիպում է զգալիորեն մեղմացնել արտաքին քաղաքական վարքագիծը Հայաստանի նկատմամբ:

Օրերս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը վստահեցրել էր, որ նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը կարող է հանդիսանալ բրյուսելյան գագաթնաժողովի կարեւոր ձեռքբերումներից մեկը: Ես կասեի ավելին՝ դա կարող է դառնալ այդ գագաթնաժողովի սենսացիան, որովհետեւ դրանից հետո ողջ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն հավաքվելու են մի նոր գագաթնաժողովի՝ հասկանալու համար, թե ինչպես է այսուհետ ՀԱՊԿ-ն իր իսկանդերներով պաշտպանելու ԵՄ-ի հետ ասոցացված Հայաստանի անվտանգությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե մենք որքան պաշտպանված կլինենք, եթե ռուսական ռազմաբազայի հարեւանությամբ մի հատ էլ ՆԱՏՕ-ի ռազմաբազա դնենք:

Հանկարծ չմտածեք, որ Ռուսաստանից եւ Մոսկվայից վախենալով ենք այս ամենն ասում, թեեւ ապագայի մասին մտածելը ենթադրում է նաեւ զգուշություն որոշ հարցերում: Ոչ ոք այսօր լուրջ չի վերաբերվում Էրդողանի հայտարարություններին, թե «կթքի ամեն ինչի վրա ու կգնա ԵԱՏՄ»: Բոլորն են հասկանում, որ Էրդողանը, լինելով թերեւս ամենազգուշավոր գործիչներից մեկը, նման բան հայտարարում է զուտ քաղաքական նկատառումներով, առանց որեւէ ենթատեքստի: Հակառակ պարագայում ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն նրա վիզը կքաշեր՝ որպես անճոռնի ճուտիկի, որն ուզում է դուրս փախչել թխսի տակից: Բայց թխսի թեւերի տակ ծլվլալ միշտ էլ կարելի է:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X