Անհետացած «Սանիտեք»

«Սանիտեք» ընկերության գործունեության որակն ու արդյունքն այդպես էլ առեղծված մնացին քաղաքաբնակներիս համար: Օրինակ՝ մեր բակի աղբամանները մի քանի ամիս առաջ ամեն օր էին դատարկվում, իսկ հիմա՝ երեք, չորս, նույնիսկ հինգ օրը մեկ: Նույնը կատարվում է նաեւ այլ բակերում ու փողոցներում, ուր աղբի կուտակումներից բլուրներ են գոյանում, բլուրների վրա՝ թառած առնետներ, կատուներ, ճանճերի պարսեր:

Իր հարցազրույցներում «Սանիտեքի» գլխավոր տնօրեն Նիկոլաս Թավիլն ասում է, որ տասնյակ միլիոն դոլարների ներդրումներ են արվել։ Նշում է նաեւ՝ իրենց կողմից կան դժգոհություններ, որ իրենց աղբամանները շարքից դուրս են գալիս հենց քաղաքացիների անփութության ու անտարբերության արդյունքում՝ այրվում են, վնասվում, ինչպես նաեւ խափանվում են աղբատար մեքենաները, որոնք նախատեսված չեն շինարարական աղբ բարձելու եւ տեղափոխելու համար:

Սրանք իսկապես ոչ երկրորդական խնդիրներ են, սակայն այս ամենը մի տեսակ որպես չքմեղանք է հնչում: Եթե քաղաքաբնակները չգիտեն կամ չունեն աղբը հեռացնելու ընդգծված ու հստակ մշակված վարվելակարգ, ապա այն անհրաժեշտ է ներմուծել, ասենք, տեսահոլովակներով, ծանուցանող, կրթող, իրազեկող ակցիաներով: Այս պահին անհնար է համայն հասարակությունից պահանջել աղբահեռացման որոշակի մշակույթ, այն պիտի սահմանել, նկարագրել եւ ցուցանել: Դուրս բերվող աղբը, վերջապես, պիտի տեսակավորվի, զետեղվի համապատասխան տարաների, տոպրակների մեջ:

Հայաստանում աղբը միայն աղբահանությամբ է ենթադրվում, թափոնների տեսակավորման, վերամշակման մեծ գործարաններ չկան, որոնք կարող էին խթանել ու զարգացնել արդյունաբերությունը: Դաշտը կարգավորող օրենքները թերի են կամ նոր պիտի ընդունվեն: Մի խոսքով՝ անելիքները չափից դուրս շատ են, պարզապես ինչ-որ մի օր սկսել է պետք: Իրավամբ «Սանիտեքի» ղեկավարությունից քաղաքացիների հասցեին հնչած բողոքները գուցե ճշմարիտ են, սակայն դա բնավ չի արդարացնում այն բոլոր թերությունների շրջանակը, որ առկա է ընկերության աշխատանքում: Թե չէ՝ այնպիսի տպավորություն է, թե «Սանիտեքը» հօդս է ցնդել, ասենք՝ նեղացել է երկրից ու արտագաղթել՝ աղբն ու գարշահոտը պահ տալով փողոցներում՝ ի նշան վրեժխնդրության:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X