Զավեշտալի իրավիճակ Ազգային ժողովում

Այսօր զավեշտալի իրավիճակ ստեղծվեց ԱԺ նիստի ժամանակ։ Այդպիսի դեպք դեռևս չէր եղել։ Նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նրանից բացի նախագահությունում այլ մարդ չկար, թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Էդուարդ Շարմազանովն ու Միքայել Մելքումյանը զբաղված էին։ Այնպես ստացվեց, որ հարցի քննարկման ժամանակ պետք է ելույթ ունենար նաև փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ որպես հարակից զեկուցող։ Վերջինս իջավ նախագահությունից, մոտեցավ ամբիոնին ու սկսեց ելույթ ունենալ։ Ելույթից հետո Արփինե Հովհաննիսյանին պետք է հարցեր ուղղեին պատգամավորները։ Բայց նախագահությունում մարդ չկար, որ այդ մասին հայտարարեր։ Արփինե Հովհաննիսյանը ստիպված էր ինքը հայտարարել, որ կարող են հարցերով դիմել իրեն՝ նախապես հումորով գնահատելով իրավիճակի բացառիկությունը։

«Հաշվի առնելով, որ նախագահությունում որևէ մեկը չի արձանագրելու, որ հարցերով կարող է ինձ դիմել, ստիպված կլինեմ ես հարցերի համար հերթագրումը հայտարարել այս ամբիոնից՝ հայցելով ձեր ներողամտությունը։ Բոլոր փոխնախագահները զբաղված են»,-ժպիտով հայտարարեց տիկին Հովհաննիսյանը ու սպասեց, որ հերթագրվեն։

Հերթագրվեց մեկ պատգամավոր՝ Արտակ Զեյնալյանը։ Նրան ձայն տալու համար պետք էր նախագահության թույլտվությունը, իսկ այնտեղ մարդ չկար։ Միակ փոխնախագահը ամբիոնի մոտ էր։ Արփինե Հովհաննիսյանը ստիպված եղավ նորից ամբիոնից հանդես գալ որպես փոխնախագահ՝ ծիծաղը զսպելով ընդգծելով իրավիճակի բացառիկությունը․ «Պարոն Զեյնալյան, կարող եք հարցով ինձ դիմել։ Շատ հետաքրքիր է, ես կարծում եմ՝ խորհրդարանը առաջին անգամ է նման իրավիճակի ականատես լինում, պետք է արձանագրենք սա։ Համենայնդեպս, ես չեմ հիշում նման բան նախորդ գումարման խորհրդարանում»։

Այս իրավիճակը կրկնվեց մի քանի անգամ։ Արփինե Հովհաննիսյանը ստիպված եղավ որպես փոխնախագահ ինքն իրեն կամ մյուսների վերաբերյալ «հրահանգեր տալ» ԱԺ ամբիոնից՝ համատեղելով ԱԺ փոխնախագահի և հարակից զեկուցողի դերերը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X