Սպանություն՝ գրեթե նույն ձեռագրով

Երեկ գիշեր Էջմիածնում սպանություն է տեղի ունեցել: Հրազենի կրակոցից երկու տղամարդ է սպանվել: Նրանցից մեկը՝ Կարեն Դավթյանը, Էջմիածնի Անդրանի թաղամասի բնակիչ էր, իսկ մյուսը՝ Լևոն Ավետիսյանը, բնակվում էր Արևաշատ գյուղում: Դեպքը տեղի է ունեցել Կարենի առանձնատն հարևանությամբ գտնվող «Լիլոյի օբյեկտ» կոչվող խորտկարանի մոտ: Անհայտ անձը կամ անձինք կրակել են մեքենայի ուղղությամբ, որում եղել են Կարենն ու Լևոնը: Մեր տեղեկություններով՝ սպանվածներն անմիջական կապ են ունեցել գողական աշխարհի հետ:

Նկատենք, որ Կարեն Դավթյանը քավոր-սանիկական կապեր ուներ նաև 2016 թ. Էջմիածնի իր տան բակում, դարձյալ հրազենի կրակոցից սպանված, գողական աշխարհի ներկայացուցիչ, ըմբշամարտիկ Համլետ Պատուրյանի հետ: Իսկ Լևոն Ավետիսյանը, որ Կարեն Դավթյանի թիկնապահն էր կամ՝ մշտապես նրան ուղեկցողը, ըստ մեր տեղեկությունների՝գողական աշխարհ է մուտք գործել բոլորովին վերջերս: 2016թ. ՏԻՄ ընտրություններին նա նույնիսկ առաջադրվել էր Արևաշատի գյուղապետի պաշտոնի համար: Էջմիածինցիներն այս և Համլետ Պատուրյանի սպանության մեջ նույն ձեռագիրն են տեսնում: Երկուսն էլ տեղի են ունեցել գիշերը, մեքենայում, իրենց տների մոտ ու հրազենային դիպուկ կրակոցներից:

Ի դեպ, մամուլում լուրեր կային, որ կրակոցների հետևանքով մահացածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերն ու մտերիմն է։

Մեկնաբանություն
X