Թուրք-ադրբեջանական ճգնաժա՞մ

Ինչպես հայտնի է, հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցը Բաքու: Այդ մասին հայտնի է դարձել սեպտեմբերի սկզբներին: Անցած օրերին որեւէ տեղեկություն չի հայտնվել, թե երբ է Էրդողանն այցելելու Բաքու, տեղի է ունենալու՞, արդյոք, երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը, թե՞ ոչ: Դիտարժան է, որ սեպտեմբերի 9-ին գտնվելով Ղազախստանի մայրաքաղաքում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները չեն հանդիպել: Համենայն դեպս, այդ մասին տեղեկություն չի տարածվել: Ադրբեջանական մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, թե կա Թուրքիան եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների թեման լռության մատնելու հրահանգ: Չի շոշափվում նաեւ Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն, թեեւ տրամաբանորեն դա պետք է որ Ադրբեջանի համար չափազանց մեծ հետաքրքրություն ներկայացնի:

Այս անորոշության ֆոնին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկություն է հրապարակել, որ Իլհամ Ալիեւը Թուրքիայում եւ Մակեդոնիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Բաղիրովին պաշտոնից հետ կանչելու կարգադրություն է արձակել: Ընդ որում՝ չի մանրամասնված՝ դեսպանն ավարտե՞լ է դիվանագիտական առաքելությունը, թե՞ հետ է կանչվում պաշտոնում թերանալու կամ այլ պատճառով: Կարելի է ենթադրել, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ տարաձայնություններ կան, եւ դեսպան Բաղիրովն այլեւս չի կարողանում դրանք հարթելու ուղղությամբ արդյունավետ աշխատել, ուստի ծագել է նրան ավելի փորձառու դիվանագետով փոխարինելու անհրաժեշտություն: Իրավիճակն այնպիսին է, որ եթե դեսպանը նույնիսկ հետ է կանչվել ըստ կարգի՝ դիվանագիտական առաքելության ժամկետը սպառելու պատճառով, միեւնույն է՝ Էրդողանի Բաքու այցի հետաձգման, Աստանայում Էրդողան-Ալիեւ գոնե հավուր պատշաճի հանդիպման չկայանալու ֆոնին դա ընկալվում է որպես թուրք-ադրբեջանական հարաբերություններում ճգնաժամի անուղղակի դրսեւորում:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X