Մի բանով պետք է զբաղվեն, չէ՞․ տնտեսագետը Կարեն Կարապետյանի գործունեության մասին

Վարչապետական գործունեության մեկ տարին լրանալուն պես Կարեն Կարապետյանն որոշել է բարելավել մեր երկրի ժողովրդագրական վիճակը։ Հավանաբար ինչ-որ մեկը վարչապետի ականջին շշնջացել է, որ ժողովրդագրական վիճակն իրոք տագնապալի է, եւ չկասեցվող արտագաղթին ու աղքատացող բնակչությանը չեն փրկի անգամ նրա տված նախընտրական խոստումներն ու լավատեսական ժպիտը։

Կառավարության կայքում այսօր տեղադրված «Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը» վերտառությամբ լուրը ծանուցում է, որ փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից եւ բխում է կառավարության ծրագրից։ Ժողովրդագրական ընդհանուր պատկերն այնքան մտահոգիչ է դարձել, որ հիմա էլ կառավարությունում մտմտում են, թե ինչ միջոցառումներ պետք է անեն՝ այդ պատկերը մոտ ապագայում ավելի գորշ ու մռայլ չդարձնելու համար։

Տնտեսագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանն, արձագանքելով մեր դիտարկմանը, թե արդյոք այդքան մտահոգված են մեր իշխանությունները ժողովրդագրական խնդիրներով, որ կառավարությունում այդ հարցն են քննարկել, ասաց․ «Մի բանով պետք է զբաղվեն, չէ՞։ Ես որեւէ սպասելիք չունեմ, որ իրենք որեւէ բան կարող են անել։ Իրենք որեւէ ծրագիր չեն կարող մինչեւ վերջ առաջ տանել, որովհետեւ ցուցադրական քայլեր են միայն փորձում մատուցել, իրենց առջեւ չեն դնում խնդիրներ»։ Նա հավելեց, որ ինքը բացի խոսքերից վարչապետից այլ բան չի տեսել անցած մեկ տարվա ընթացքում։

Թե ինչ տվեց Կարեն Կարապետյանն իր գործունեության մեկ տարվա ընթացքում մեր երկրին՝ Վահագն Խաչատրյանն ասաց․ «Մարդիկ այսօր իրենց վերաբերմունքով, գնալով ցույց են տալիս, որ չեն վստահում այս իշխանություններին։ Պատասխան քայլը դա է՝ թողնում, գնում են երկրից որեւէ հավատ չունենալով»։

Հետաքրքրվեցինք, թե ինչ է առաջարկում տնտեսագետը։ Արդյոք եթե Կարեն Կարապետյանն ու իր կառավարությունը հրաժարական տան, գան նորերը, կարո՞ղ ենք ակնկալել փոփոխություն։ «Անձով ոչինչ պայմանավորված չէ, փոփոխություն չի լինի։ Պետք է քաղաքական որոշման արդյունքում լինեն համակարգային փոփոխություններ, պետք է փոխվի իշխանության կառավարման գաղափարախոսությունը։ Ես եւ ինձ նման մտածողները, ծրագիր ունեցողներն այսօր այն, ինչ առաջարկում ենք, տեղի է ունենում դրա հակառակը։ Կառավարությունն ինքը ցանկանում է մնալ իշխանության եւ՝ վերջ։ Նա կմնա այնքան ժամանակ, որքան կբավարարի այն մարդկանց շահերը, որոնք իրենց տվել են իշխանության մնալու հնարավորություն։ Փակ շրջան է։ Պետք է ելք փնտրել այդ փակ շրջանից դուրս գալու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ինչ հիշարժան դրվագ է թողել Կարեն Կարապետյանի գործունեությունը, Վահագն Խաչատրյանն ասաց․ «Ոչ մի։ Եթե որեւէ քայլ չեն անում, դա արդեն բացասական է։ Դրական տեղաշարժ կատարելու ուղղությամբ քայլ չի արվել»։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X