Սահակաշվիլին Ուկրաինան տանում է դեպի ապստամբություն

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Լվովում հայտարարել է, որ պատրաստվում է պայքարել Կիեւում իշխանափոխության հասնելու համար: Այս մասին գրում է Պաուլ Ֆլյուկիգերը շվեյցարական Neue Zuercher Zeitung պարբերականի էջերում:

Մեկնաբանը նշում է, որ Լվովի հյուրանոցներից մեկում Սահակաշվիլին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ մասնակցել է արեւմտամետ ընդդիմադիր «Սամոպոմոշչ» կուսակցության ներկայացուցիչների հետ ունեցած բանակցություններին, որի օրակարգում Կիեւի դեմ ապստամբության ռազմավարությունն է եղել եւ գործակցությունը ապագայի համար:

Վերլուծաբան Ֆլյուկիգերը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հարաբերությունների խզումից հետո, Սահակաշվիլին զրկվել է նաեւ ուկրաինական քաղաքացիությունից, որը նրան տրամադրվել էր այնքան առատաձեռնորեն, իսկ Ուկրաինայի արդարադատության նախարարությունն էլ սպառնացել էր, որ նրան կարտաքսի Վրաստան եթե հանդգնի վերադառնալ Ուկրաինա: Վրաստանում արդեն Սահակաշվիլին մեղադրվում է իշխանության չարաշահման մեջ:

Հոդվածագիրը նկատում է, որ այս ամենով հանդերձ Սահակաշվիլին չի վախենում եւ կիրակի արդեն սկանդալային ակցիայով վերադառնում է Ուկրաինա, իր կողմնակիցներով շրջապատված: Վերադարձից հետո Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը սպառնացել է նրա դեմ գործ հարուցել անօրինական սահմանախախտման համար, իսկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն էլ նախազգուշացրել է Սահակաշվիլիին, որ նրա կողմից կատարված քայլն անհետեւանք չի մնա քաղաքական իմաստով:

Սահակաշվիլին էլ հակադարձել է, որ օրինական հիմքերով է գտնվում Ուկրաինայի տարածքում եւ հայտաարել է, որ սկսում է իր պայքարը: Neue Zürcher Zeitung-ը նշում է, որ Լովովում այժմ, առաջին անգամ Մայդանի հեղափոխությունից հետո սկսել են քաղաքական ուժեր կուտակվել եւ կոալիցիա ձեւավորել, որում ներգրավված են այն ուժերը, որոնք դժգոհ են ներկայիս բարեփոխումներից:

«Սրանով հանդերձ, այս ամենում Տիմոշենկոյի նման պոպուլիստուհու մասնակցությունը իրավիճակը չափազանց վտանգավոր է դարձնում Ուկրաինայի համար»,- ամփոփում է Պաուլ Ֆլյուկիգերը

Մեկնաբանություն
X