Դատավորներն օգտվում են լռելու իրավունքից

Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, որը հունիսին կալանավորվել է դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու հոդվածով, ցուցմունքներ չի տալիս։ Նրա շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց․ «Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, օգտվելով լռության իր իրավունքից՝ նա հրաժարվում է մասնակցել քննչական գործողություններին»։ Մեր հարցին, թե արդյոք իրենց տրամադրվե՞լ են գաղտնալսումների նյութերը, փաստաբանը պատասխանեց․ «Ոչ, գաղտնալսումների նյութերն Աղվան Պետրոսյանին չեն տրամադրվել, թեեւ նա գրավոր դիմել էր քննչական մարմնին եւ պահանջել նյութերը։ Բայց չեն տրամադրել, գործն ուղարկել են դատարան»։ Գաղտնալսումներն են դատավորների աղմկահարույց գործի հիմքը։ Մեղքը չի ընդունում նաեւ նույն դատարանի մյուս դատավորը՝ Վանիկ Վարդանյանը, որը նույնպես կալանավորված է եւ մեղադրվում է նույն հոդվածով, ինչ Պետրոսյանը։ Մեր տեղեկություններով, այս դատարանում ԱԱԾ-ն իր սարքերը դրել ու չի հանել մի քանի ամիս շարունակ։ «Օպերատիվ» այս գործողություններն սկսվել են, երբ մարզի դատախազ Սեւակ Շհոյանի դեմ բողոք է ստացվել քաղաքացուց այն բանի համար, որ նա կաշառք է վերցրել, բայց «գործը չի արել»։

Դատախազը փողը վերցրեց ու հետ չտվեց

Գեղարքունիքի դատարանի շուրջ կոռուպցիոն սկանդալը ՀՔԾ-ն արագացված տեմպով՝ երեք ամսում «լուծեց» եւ ուղարկեց դատարան։ Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի եւ դատախազ Սեւակ Շհոյանի կողմից կաշառք ստանալու դեպքը բացահայտվել էր հունիսի սկզբին, երկու ամիս անց՝ օգոստոսի կեսերին, նախաքննությունն ավարտվեց, իսկ սեպտեմբերի սկզբին մեղադրականը հաստատվեց դատախազի կողմից ու ուղարկվեց դատարան։ Ըստ էության, մեղադրական եզրակացությունը հիմնականում կրկնում է քննության նախնական տվյալները։ 2015 թվականին Վարդենիսի «Ցուլ» ռեստորանում կռիվ եւ դանակահարություն է տեղի ունեցել։ Այս ռեստորանը, որը պատկանում է «Կլոր» մականունով Արտյոմ Շաբոյանին, իսկ նրանից առաջ պատկանում էր Կլորի պապին՝ Ազիկին, «ռազբորկաների» հայտնի վայր է։ Մասնակիցներից մեկը Գոռ Գալստյանն է եղել եւ նրա քրոջ ամուսինը։ Գոռը նոր էր չափահաս դարձել եւ այդ տարի պետք է գնար բանակ։ Վարդենիսում պատմում են, որ կռվի եւ դանակահարության իրական մեղավորը Գոռի քրոջ ամուսինն է եղել, նա է դանակը տվել Գոռի ձեռքը, «քաշել» է բարեկամին։ Գոռի ծնողները Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանին, որդու արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար 4 հազար դոլար կաշառք են տվել՝ նրա պահանջով։

29 հազար «քցվեցին» հերիք չէ, դեռ հայտնվեցին ամբաստանյալի աթոռին

Գալստյանի ծնողներն ապահովված մարդիկ են։ Մայրը՝ Մելանյա Գալստյանը, Վարդենիսում հագուստի խանութ ուներ։ Դատախազը փողը վերցնում է, բայց Գոռին, միեւնույն է՝ մեղադրանք են առաջադրում եւ կալանավորում։ Նրա ծնողները չեն հանգստանում եւ այս անգամ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք են տալիս դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին։ Նրանք պահանջում են Գոռի համար մեղմ պատիժ սահմանել, իսկ իրենց փեսային պատասխանատվությունից ազատել։ Դատավորի եւ Գալստյանների միջեւ միջնորդ են հանդիսանում Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը՝ Հայկ Կարապետյանը, եւ դատավոր Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանը։ Մեղադրող դատախազը, որը, հավանաբար, տեղյակ է լինում գաղտնալսումներից, վերաքննիչ բողոք է ներկայացնում Աղվան Պետրոսյանի կայացրած դատավճռի դեմ, վերաքննիչը բեկանում է այն եւ ուղարկում նոր քննության։ Այսպես, Գալստյանները 28 հազար դոլար «քցվում» են։ Այս գումարով նրանք կարող էին Երեւանում բնակարան գնել։ Բայց ոչ միայն չեն կարողանում մեղմացնել որդու պատիժը կամ փեսային ազատել պատասխանատվությունից, դեռ մի բան էլ իրենք են ընկնում կրակը։ Նրանց մեղադրանք է առաջադրվում ՔՕ 312-րդ հոդվածով՝ կաշառք տալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, եւ այժմ նրանց 3-7 տարի ազատազրկում է սպասվում։ Գոռի ծնողներն ու ինքը ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել։ Կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դրվագներում, ընդհանուր առմամբ, ներգրավված է եղել 13 անձ: Ըստ ՀՔԾ տվյալների, նրանցից կալանավորված են հինգը՝ նկարագրված դրվագի 3 հիմնական մասնակիցներ դատավոր Աղվան Պետրոսյանը եւ նրա վարորդը, դատավոր Վանիկ Վարդանյանը, դատախազ Սեւակ Շհոյանը եւ քոլեջի տնօրենի եղբայր Հայկ Կարապետյանը, որը, ի դեպ, ինչպես պատմում են նրա հարեւանները, բլոտի առաջնության չեմպիոն է, հայտնի խաղացող։ Իր հմտությունները կիրառելու համար կալանավայրը լավ տեղ է լինելու։

Դատավորների ստվերային «զրո՞ւյց»

Դատարանի նախագահ Պետրոսյանի դեմ երկրորդ դրվագը վերաբերում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների մի գործի, որը քննվել է 2012 թվականից, եւ որը նա գլուխ է բերել իր գործընկերոջ՝ դատավոր Վանիկ Վարդանյանի եւ հայտնի փաստաբան Էդվարդ Չինարյանի միջոցով։ Մարտունու մի բնակիչ փորձել է դատական վճռի պարզաբանում ստանալ Ձորագյուղի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ։ Իր ամուսնու միջոցով նա 120 հազար ռուբլի կաշառք է տվել դատարանի նախագահին։ Գաղտնալսող սարքերը գրանցել են, թե ինչպես է Աղվան Պետրոսյանն իր աշխատասենյակում ստացած կաշառքն ազնվաբար կիսել Վարդանյանի հետ՝ 50/50։ Հետաքրքիր նկարագրություն դատավորների ստվերային կյանքից․ «Ա. Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանին տալով գումարը, ասել է. «Կիսի իմը»: Վ. Վարդանյանը հարցրել է, թե «ինչքան կիսի»: Ապա Աղվան Պետրոսյանը, վերցնելով թղթադրամները, հաշվել եւ ասել է. «Հիսուն հինգ հազար՝ քեզ, հիսուն հազար՝ ինձ»՝ կաշառքի գումարի համապատասխան մասը տալով Վ. Վարդանյանին»: Այս անգամ փող փոխանցողի դերում փաստաբան Չինարյանն է հանդես եկել՝ ըստ նախաքննության նյութերի, որին բաժին է հասել 15 հազար ռուբլի։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Կաշառքի միջնորդություն» հոդվածի առաջին մասով եւ սպառնում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով տուգանք կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Գաղտնալսումներով պարզվել է նաեւ, որ դատարանի նախագահ Պետրոսյանի վարորդ Մարտիկյանն ու Վարդենիսի քոլեջի տնօրենի եղբայր Հայկ Կարապետյանը 45 հազար դրամ կաշառք են տվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից Լաուրա Մարտիրոսյանին՝ կալանավորին իր նախընտրած խուցը տեղափոխելու համար։

ՀԳԱԱԾ-ն վերջին շրջանում կենտրոնացել է դատավորների վրա։ Նրանց աշխատասենյակները, ըստ մեր աղբյուրների, համատարած գաղտնալսվում են։ Այս գերատեսչությունը բավականաչափ տվյալներ ունի երրորդ իշխանության դեմ։ Այսկերպ երկու խնդիր է լուծվում՝ դատավորներն իշխանությունից լիարժեք կախվածության մեջ են հայտնվում, իսկ հանրությանը հակակոռուպցիոն պայքարի տպավորիչ պատկերներ են հրամցվում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X