Ես չեմ կարծում, որ կան խանգարող հանգամանքներ Կարեն Կարապետյանի անձի շուրջ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «գործ տալու ինստիտուտի» դեմ ելույթ ունենալով հայտնի դարձած Անդրանիկ Կարապետյանը պնդում է, որ 2018-ից հետո վարչապետի ով լինելու վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել իրենց մոտ։ «Ժամանակը կգա, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք Դաշնակցության անունից, եւ ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ որպես պատգամավոր»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

- Կարո՞ղ է այդ հարցում Ձեր անձնական դիրքորոշումը տարբերվել Դաշնակցության դիրքորոշումից։

  • Որպես քաղաքացի՝ կարող եմ ունենալ դիրքորոշում, բայց, համենայնդեպս, ֆրակցիայի շրջանակներում դիրքորոշումը մեկն է։

- Եթե ամփոփենք Կարեն Կարապետյանի եւ կառավարության մեկ տարին, ինչպե՞ս կգնահատեք։

  • Դրական։

- Արժանի՞ է կամ պե՞տք է, որ 2018-ից հետո էլ նա լինի վարչապետ։

  • Եթե քաղաքական որոշում լինի վարչապետի հետ կապված, ես չեմ կարծում, որ կան խանգարող հանգամանքներ կամ բացասական երեւույթներ Կարեն Կարապետյանի անձի շուրջ, որպեսզի նա չկարողանա ղեկավարել եւ չլինել վարչապետ։

- Իսկ եթե քաղաքական որոշում լինի, որ պետք է Սերժ Սարգսյանն զբաղեցնի այդ պաշտոնը։

  • Նույնպես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում։

- Հասարակությունն ու որոշ ընդդիմադիր ուժեր են խոչընդոտներ տեսնում, չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանն զբաղեցնի այդ պաշտոնը։

  • Երեկ պարոն Ծառուկյանը մի լավ պատասխան տվեց, եւ ես համաձայն եմ այդ պատասխանի հետ։ Ու ես միշտ, էդ նույն հարցը, որ ինձ տվել են, ազնվությամբ՝ ես նույն պատասխանն եմ տվել, որ ժողովուրդն իր կամքը դրսեւորել է ընտրությունների միջոցով եւ 50 տոկոս ձայն է տվել։ Բոլորս էլ գիտենք, որ այս ընտրությունները եղել են պարզ, մաքուր ընտրություններ։ Այսինքն՝ նախկինում էդ լցոցի, կարուսել եւ այլ, եւ այլ չի եղել։ Մարդիկ իրենց կամքն արտահայտել են, վերջ։ Եվ դրա հետ կապված՝ Սահմանադրությամբ եւ օրենքով, մեծամասնությունն է կառավարությունը ձեւավորելու եւ որոշելու, թե վարչապետն ով է լինելու։ Մնացածը՝ ով ինչ կխոսա, ինչ չի խոսա․․․

- Ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքե՞ր էլ չեն եղել։

  • Դրա պատասխանը Դուք ինձանից լավ գիտեք, ես չեմ պատասխանի էդ հարցին։

- Ես լսել եմ, որ եղել են։

  • Դե, ուրեմն, եղել են։ Դուք ավելի լավ եք տեղեկացված։

- Եթե եղել են, ինչպե՞ս է ստացվում, որ ժողովուրդը 100 տոկոսով իր վստահության քվեն է տվել «արդար, ազնիվ» ընտրություններում։

  • Մարդիկ գնացել են, մտել են քվեախուց, գաղտնի ընտրությունների միջոցով ում ուզել են՝ նրան էլ ընտրել են։

- Լավ, եթե վարչական ռեսուրս է չարաշահվել, ճնշումներ են գործադրվել, կաշառք է բաժանվել, դա արդար եւ ազնիվ ընտրությո՞ւն է համարվում։

  • Ես չգիտեմ էդքան տենց ճնշումների, եսիմինչերի, կաշառքի վերաբերյալ, հարցի պատասխանը գնացեք-փնտրեք իրանց մոտ։ Ով որ, տեղյակ եք, նման ճնշման է ենթարկվել, իրենց հարցերը տվեք՝ թող պատասխանեն։

- Լավ, Դաշնակցության համար հաճելի է, ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի՞ հետ աշխատել, թե՞ Կարեն Կարապետյանի։

  • Ով լինի վարչապետ, մենք կաշխատենք ի բարօրություն մեր երկրի։

- Պարզապես մամուլը գրել էր, որ ՀՅԴ-ում օրերն են հաշվում, թե երբ է Կարեն Կարապետյանը հեռանալու այդ պաշտոնից։

  • Առաջին անգամ եմ այդ մասին լսում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X