Երեկվա փաստաթուղթը Քոմեդի քլաբի տեքստ է․ փաստաբաններն այսօր գործադուլ են անում (տեսանյութ, ֆոտո)

>

Դատարան մտնող փաստաբաններին զննելու անհրաժեշտություն կա՞ր, կա՞ր նախադեպ, երբ փաստաբանը ներս է տարել արգելված իր, փորձել է օժանդակել նախապատրաստվող հանցագործության, եղե՞լ է դեպք, ես կարծում եմ՝ մեթոդները հիմնավոր չեն։ Դա արվում է խիստ ստորացուցիչ ձեւով, խուզարկության պահանջներ են ներկայացվում, որին ընդդիմանում են որոշ փաստաբաններ։ Փաստաբանները հասարակության մեջ որոշակի ուրույն տեղ, դեր ունեցող մարդիկ են եւ վերաբերվել նրանց նման կերպ՝ անթույլատրելի է։ Այս մասին այսօր փաստաբանների հրավիրած քննարկման ժամանակ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Հիշեցնենք, որ 184 փաստաբան միացել է այսօրվա գործադուլի ակցիային՝ ընդդեմ դատարանում փաստաբանների խուզարկության։ Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով երեկվա դատավորների խորհրդի հրապարակած արգելված իրերի ցանկին, ասաց, որ վերջերս համոզվում է, որ ավելի լավ է պետական մարմինները քայլ չանեն, քան փորձեն անել եւ դա վերածվի ծաղրի․ «Հավաքված գործընկերներին առաջարկում եմ ելքեր առաջարկել, քանի որ չենք հավաքվել միայն քննադատելու։ Եթե անվտանգության խնդիր տեսնում է պետությունը, ես կխնդրեի հավաքված մեր գործընկերները առաջարկ ներկայացնեն, թե ինչ ձեւով կարելի է դա անել, որ մեր իրավունքները չոտնահարվի եւ օրենք չխախտվի»։

Քննարկմանը ներկա փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ասաց, որ չի կարելի կնոջից պահանջել իր պայուսակը բացել անծանոթ տղամարդու առաջ․ «Հայտարարեցինք գործադուլ, որ մեր հասարակության, պետության ուշադրությանը հրավիրենք, չկա արդարադատություն՝ առանց փաստաբանների։ Իմ կարծիքով՝ երեկվա փաստաթուղթը Քոմեդի քլաբի տեքստ է։ Պատկերացնում եք՝ արգելված է գործելու շյուղեր տանել դատարան, վիրուսներ։ Եթե շարունակվեն այս ապօրինի գործողությունները, գործադուլը ավելի շարունակական կլինի»։

Փաստաբան Սամվել Ջաղինյանը երեկվա ԴՆԽ-ի հայտարարությունը համարեց զավեշտ՝ նշելով, որ աշխարհում նման պրակտիկա չի եղել, որ փաստաբանները նման առարկաներով գնան դատարան։ Քննարկմանը մասնակցում էր նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որը նշեց, որ ԶԼՄ-ներով տեսել է, թե ինչ է կատարվում «Սասնա ծռերի» դատավարություններին եւ որոշել է անձամբ ականատես լինել այդ ամենին․ «Ոստիկանների թիվը ավելի շատ էր, քան ներկաների։ Ապակեպատ դահլիճ է, որից այս կողմ նստած ես հետեւում դատավարությանը, էն կողմից կարգադրիչները փակել են, դատավորը իրեն ինքնավստահ էր պահում, եւ եթե ուզում ես հետեւել դատավարությանը․ մանրամասները չես իմանա»

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X