Տգիտության տեսակներից ամենաանտանելին թերևս գավառական տգիտությունն է

Վարդգես Օվյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երևանից բարեկամներս էին եկել, տարանք Գանձասար։ Մինչ նրանք հիանում էին ճարտարապետական կոթողով, գեղեցիկ բնապատկերներով, որի մեջտեղում՝ բարձունքում վանքի համալիրն է, որոշեցի մտնել հին ձեռագրերի թանգարան, այսպես ասած՝ մատենադարան։ Չէի տեսել։ Վճարեցի մուտքի համար և ներս մտա։ Հին ձեռագիր մատյանների տարեթվերը, գրությունները կարդալու համար տանջվում էի, որովհետև ակնոցս չէի վերցրել։ Մտածեցի՝ գուցե լուսանկարեմ և տանը կարգին նայեմ։ Թանգարանի աշխատող աղջկան հարցրի, կարելի՞ է որոշ բաներ լուսանկարել։ Ասաց չէ՝ արգելված է։ Ասաց, որ Երևանում, Մատենադարանում նկարահանումների համար վճարում են։ Հարցրի՝ վճարե՞մ։ Ասաց՝ չէ, արգելված է։ Ի դեպ, մինչ այդ ասել էր նաև, որ աշխարհում բոլոր թանգարանները վճարովի են (երևի աշխարհի բոլոր թանգարաններում եղել էր), իսկ ես եղել եմ թանգարաններում, որոնց մուտքն անվճար է (նաև լուսանկարել եմ)։

Ես նայում եմ ցուցանմուշները, իսկ աղջիկը ստվերի պես հետևում է ինձ։ Չնայած այնտեղ, փոքրիկ սրահներում այլ այցելուներ կային, նա միայն ինձ էր կասկածում և «ուղեկցում»։ Ասացի՝ աղջիկ ջան, մի՛ անհանգստացիր, չեմ լուսանկարելու, այլ այցելուներ էլ կան, կարծեմ։ Ասացի՝ ես գրքի արժեքը հասկացող ու հարգող մարդ եմ, տանը 2 հազարից ավելի գիրք ունենք և այլն։ Պատասխանեց՝ սա իմ աշխատանքն է, և շարունակեց մինչև վերջ ուղեկցել ինձ...

Թանգարանից դուրս գալով, առաջին միտքը, որ ծագեց գլխումս, այս էր՝ տգիտության տեսակներից ամենաանտանելին թերևս գավառական տգիտությունն է։

Չէի ցանկանա երկրորդ անգամ մտնել այդ թանգարան։ Թեկուզ անվճար լինի և այնտեղ մտնելու համար պարգևատրեն ինձ։

Հ.Գ. Ի դեպ, այնտեղ տեսախցիկներ կային։ Ուղղակի անիմաստ էր ինձ ստվերի պես հետևելը։

Լուսանկարում՝ բնապատկեր Գանձասարից»։

Մեկնաբանություն
X