Միջին որակի մասնագե՞տ, թե՞ բարձրակարգ արհեստավոր

Նոր սերնդի կարծիքով՝ դիպլոմը ո՛չ օժիտ է, հանուն որի կարելի է աղջկա հետ ամուսնանալ, ո՛չ էլ կրթված տղայի չափանիշ: «Եթե չունես հստակ նպատակ, եթե համալսարան ես գնում ընդամենը դիպլոմ փախցնելու համար, ուրեմն ճիշտ ուղու վրա չես: Իսկ եթե այնքան գիտելիք չունես, որ ձգես մինչեւ բուհ, առավել եւս՝ բարձրագույնը քոնը չէ»,- կարծում է ապագա լրագրող 18-ամյա Հեղինե Ասատրյանը:

Թե՛ Հեղինեն, թե՛ նրա հասակակից Հայկ Ստեփանյանը հավատում են, որ լավ արհեստավորին «ձեռքից ձեռք են փախցնում»: Արմավիրցի Հայկը մի քանի ամսից բանակ կգնա: Թեեւ դպրոցում լավ է սովորել, բայց որոշել է խոհարար դառնալ: «Տատանվում էի՝ ժողինստիտո՞ւտ գնամ, թե՞ խոհարարական դասընթացների: Ընտրեցի երկրորդը, որովհետեւ բարձրագույնի համար ուսման վարձ չեմ կարող տալ, մանավանդ՝ ուսումս կիսատ էի թողնելու բանակի պատճառով, եւ հետո՝ արհեստավորը մինչեւ կեսօր է սոված մնում»:

Այս տարի բուհերում սովորողների թվի անկում արձանագրվեց: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այդ փաստը վերագրեց 12-ամյա կրթական համակարգին: «12-ամյա կրթության անցնելու ժամանակ երկու կիսադատարկ դասարան ունեցանք. այդ դասարաններն են, որ հիմա ավարտում են»,- ասել էր նախարարը:
Խոհարար դառնալ ցանկացող Հայկի տնտեսագետ մայրն էլ կարծում է, որ պատճառն արտագաղթն է եւ ծնողների անվճարունակությունը: «Չնայած ես հարգում եմ որդուս ընտրությունը, բայց ներքուստ ընդվզում եմ. լավ սովորող երեխա է, կարող էր տնտեսագետ կամ ֆինանսիստ դառնալ, բայց չպնդեցի՝ հասկանալով, որ դժվարանալու եմ ուսման վարձի հարցում»:

Սարդարապատի դպրոցի փոխտնօրեն Անահիտ Մանուկյանը եւս կարծում է, որ երեխաների մի մասը բուհ չի գնում ուսման վարձի թանկության պատճառով: «Ես տանը երկու ուսանող ունեմ, որոնց ուսման համար 800 հազար դրամ եմ վճարում: Եթե ինձ համար է դժվար, բա աշխատանք չունեցո՞ղն ինչ անի»: Մանկավարժը կարծում է, որ երեխաների մոտ նաեւ սովորելու ցանկությունն է նվազել: Նկատել է՝ շրջանավարտներից շատերը նախընտրում են արհեստները: Իսկ տղաները գիտակցում են՝ սովորեն-չսովորեն, միեւնույն է, բանակ են գնալու: «Երկու տարի հետո էլ կշարունակեն, թե ոչ՝ հարց է»:
Զորակոչի տարկետման խնդիր բարձրացրեց նաեւ Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը: «Տղաները կա՛մ չեն հասցնում ընդունվել, կա՛մ ընդունվելուց հետո պիտի ծառայեն: Նախընտրում են ոչ մեկ լրիվ կիսամյակի համար անտեղի չվճարել ու կիսատ թողած՝ զորակոչվել»: Այս տարի Սարդարապատի դպրոցի 27 շրջանավարտներից 10-ն է բուհ ընդունվել, իսկ Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի 89 շրջանավարտից՝ 75-ը: «Բուհ չեն դիմել արհեստագործական հոսքի մի քանի շրջանավարտներ, ովքեր ընդգրկված են տարբեր վարպետների մոտ՝ իրենց նախընտրած արհեստի մեջ կատարելագործվելու համար»,- ասաց թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը:

Ըստ նրա՝ ոչ թե նվազել է բուհում սովորելու նկատմամբ պատանիների հետաքրքրությունը, այլ սովորողների թիվն ընդհանրապես: Իրենց դպրոցը դրա ցայտուն օրինակներից է: «Մեր շրջանավարտների առաջին սերունդը 5 տարի առաջ 155 էր, այս տարի՝ 89, մյուս երկու տարիներին կլինեն 50-60, հետո՝ մոտ 90»: Գայանե Սաֆարյանին մտահոգում է նաեւ Ռուսաստանից վերադարձած դպրոցականների ճակատագիրը: «Խնդիր ունենում ենք հատկապես ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, որտեղ սովորում են ՌԴ-ում տարի կորցրած ու վերադարձած տղաները, որոնց 19 տարին լրանում է դպրոցում»:

Ընթացիկ տարում նույնիսկ վտանգված էր այդ երեխաներից մեկի դպրոցն ավարտելու հնարավորությունը: Նոր ուստարում այդ հարվածից չեն խուսափի եւս երկուսը:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X