70 սպանդանոցի փոխարեն ամեն մարզում բացեք մեկ սպանդանոց

Օրեր առաջ խմբագրություն էր այցելել տավուշցի գործարար Մաթեուս Մարկոսյանը, որն իր դիտարկումները ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում կառավարության ծրագրերի մասին։ Նա Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից է, զբաղվում է խոզաբուծությամբ։ «Ես հիմնել եմ ֆերմա, որպեսզի հասկանամ, թե գյուղացին ինչու չի ցանկանում զբաղվել անասնաբուծությամբ եւ գյուղատնտեսությամբ, ինչու է նախընտրում հեռանալ իր ծննդավայրից՝ սահմանամերձ բնակավայրերից։ Գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ կազմեցինք տարբեր ծրագրեր։ Անասնաբուծության վերաբերյալ՝ կոմպլեքս ծրագիր»,- ներկայացրեց Մաթեւոս Մարկոսյանը։

Հետո մեր զրուցակիցը պատմեց, որ ամիսներ առաջ հանդիպել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ, ներկայացրել է ծրագիրը, խնդրել քննարկել այն։ «Ինձ հետ քննարկում չի եղել, սակայն նախարարության հիմնադրամը, որ պետք է զբաղվեր այդ ծրագրով, թուղթ է ներկայացրել նախարարին, որ խուզաբուծությունը ռիսկային է, եւ այդ ծրագիրը պետք չէ»,- ասաց գործարարը։ Ըստ նրա՝ Տավուշի մարզն ունի նպաստավոր պայմաններ խոզաբուծության համար, եւ կարծում է, որ պետք է պայմաններ ստեղծել, լինի կոմպլեքս ծրագիր, որպեսզի գյուղացին շահագրգռված լինի անասնաբուծությամբ զբաղվելու։

«Երկու ամսական խոճկորները պետք է տրամադրենք գյուղացուն կապալային ծրագրով, ստեղծվում է սպանդանոց, եւ անասնաբույժներն էլ պետք է իրականացնեն մոնիտորինգ, հսկեն, թե խոճկորների աճն ինչպես է տեղի ունենում։ Մինչեւ չորս ամիս նրանք պետք է այդպես վերահսկեն։ Իսկ դրանից հետո գյուղացին նրանց հանձնում է սպանդանոց, այդ ժամանակ, պայմանագրի համաձայն, խոճկորների եւ կերի գումարը վերցվում է, իսկ մնացած գումարը վերադարձվում է գյուղացուն։ Այսինքն՝ մի խոզից չորս ամսվա ընթացքում գյուղացին միջինը 40 հազար դրամ փող է ստանում։ Երբ մենք աշխատում էինք գյուղացիների հետ, իրենք համաձայն էին։ Ինչ վերաբերում է կերի արտադրամասին, ապա այսօրվա գներով եթե կեր են արտադրում եւ վաճառում գյուղացուն, ապա դրա միջին գինը 220 դրամ է։ Եթե մենք արտադրենք, ապա այն կվաճառենք 170 դրամով»,- իր ներկայացրած ծրագրի մասին պատմեց գործարարը։

Հետո Մաթեւոս Մարկոսյանը ցույց տվեց իր հետ բերած «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի ամփոփ նկարագիրը» եւ ասաց, որ այդ ծրագրի համաձայն՝ կարող է լինել գնաճ մոտավորապես 500 դրամի չափով։ «Երկրորդ խնդիրն այն է, որ գյուղացուց պահանջում ենք գումար, որպեսզի սպանդ կատարենք, երրորդն այն է, որ գյուղացու եւ վաճառողի միջեւ միջնորդ են դնում սպանդանոցի ներկայությամբ, որը գյուղացու եկամտի 10-15 տոկոսը վերցնում է իրեն»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա կանխատեսում է, որ անասնաբուծությունը կարող է անկում ապրել, որովհետեւ գնաճի դեպքում մենք չենք կարող մրցել ներկրվող ռուսական եւ ուկրաինական մսի հետ։ Իսկ եթե գնաճ չի լինում, բայց գյուղացուց վերցնում ենք գումարներ, ապա, ըստ մեր զրուցակցի, ինքնարժեքը եւ ստացած գումարները չեն համապատասխանում։ Եվ եկամուտ չստանալու դեպքում գյուղացին չի զբաղվի անասնաբուծությամբ։ Ինչ վերաբերում է կառավարության ընդունած որոշմանը, որ այսուհետ կենդանիների մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում, ապա գործարարն ասաց, որ ինքը կողմ է դրան։

«Անվտանգության եւ սանիտարահիգիենիկ տեսանկյունից շատ ճիշտ է այդ որոշումը»,- ասաց մեր զրուցակիցը, որի դիտարկմամբ, սակայն, այսօր այն իրականանալի չէ։ Միաժամանակ նա հիշեցնում է, որ վարչապետը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, եւ կառավարությունը հավանության է արժանացրել ամեն մարզում իրականացվելիք մի քանի ծրագրեր, սակայն դրանք մինչ օրս չեն ֆինանսավորվում եւ չեն գործում։
Երեկ նա կրկին դիմեց մեզ՝ շարունակելով ներկայացնել կառավարության ծրագրի մասին իր դիտարկումները։

«Կառավարությունը դեռ շարունակում է իր գործելաոճը՝ համոզելով գյուղացիներին եւ գործարարներին, որ «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը» ճիշտ է, եւ դրանով մարդը կարող է բիզնես անել։ Երբ մենք հարցրեցինք կառավարության անդամներին, թե ինչ հաշվարկներով են կազմել այդ ծրագիրը, իրենք ասացին՝ մոտավոր հաշվարկներով։ Նրանք չեն հաշվել նույնիսկ, թե անասունների քանի գլխաքանակ գոյություն ունի, տեղյակ չեն գյուղացու մտադրությունների մասին, թե նա որքանով է պատրաստ գումար տրամադրել մորթի եւ մսի տեղափոխման համար։ Ոչ մի մոնիտորինգ չանելով՝ իրենք ուզում են իրականացնել իրենց ծրագիրը»,- ասաց Մաթեւոս Մարկոսյանը։
Անդրադառնալով 70 փոքր սպանդանոցներին, որ նախատեսված է բացել, գործարարն ասաց, որ կառավարությունը դրանով սանիտարահիգիենիկ եւ անվտանգության խնդիրներ է փորձում լուծել։ «Մենք ասում ենք՝ պետք է ոչ թե 70 սպանդանոց բացել, այլ ամեն մարզում մեկը՝ իր վերամշակման հնարավորություններով հանդերձ։ Գյուղացուն պետք չէ ճնշել, որ նա իր անասունը մորթի եւ հասցնի վաճառողին։ Առանց դրա էլ՝ նա այսօր չի կարողանում ապրել, քանի որ ոչ մի եկամուտ չի ստանում»։
Նրա կարծիքով՝ գյուղացուն չպետք է ավելի բարձր գներով սպասարկեն, նրան չպետք է հողը մշակելու համար ավելի թանկ տեխնիկա տրամադրեն։
Միաժամանակ գործարարը դրական է համարում, որ պետությունը գումարներ է տրամադրում վարկերն իջեցնելու համար։ Սակայն, ըստ նրա, քանի որ գոյություն չունեն ապահովագրական ընկերություններ, ապա բնական աղետների դեպքում գյուղացին մնալու է վարկերի տակ։

Գործարարն առաջարկում է կառավարությանը ծրագրերը կյանքի կոչելուց առաջ կազմակերպել հանրային քննարկումներ, հաշվի առնել հանրության կարծիքը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X