Ես այստեղ եկա նաև որպես համերաշխության քայլ․ Արա Զոհրաբյան

Ինչ իրականացվել է, զննություն է, որովհետև խուզարկության դեպքում խուզարկողն ինքն է խոչընդոտը վերացնում: Երբ կարգադրիչն ասում է՝ պայուսակդ բաց արա, եթե չի բացում, ստիպողաբար բացում ու հանում է պայուսակի պարունակությունը, դա է խուզարկությունը:

Ես այդպիսի դեպքի ականատես չեմ եղել, և փաստաբաններն էլ այդպիսի դեպքի մասին վկայություն չեն տվել: Եթե կլինի խուզարկության փորձ, այո, դա վտանգավոր երևույթ է, և դրա դեմ ամբողջությամբ պետք է պայքարել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը ներկա էր հարցի քննարկմանը։ «Փաստաբանների պալատը ծայրահեղ միջոցների չի գնում, բայց հավասարակշռված, քայլ առ քայլ մենք փորձում ենք հարցը կարգավորել: Օրինակ՝ չկար արգելված իրերի ցանկ, հիմա կա արգելված իրերի ցանկ, հիմա որքանով է այդ ցանկը հաջող, որքանով է անհաջող, ես չեմ դատողը: Առնվազն գիտենք, որ կա ցանկ և չկա կարգադրիչի կամայական քմահաճույքը, որովհետև կարող է հանկարծ մի օր էլ կարգադրիչը ասել, որ փողկապը չեմ թույլատրում, որովհետև փողկապով կարելի է մարդ խեղդել»,- նշեց Արա Զոհրաբյանը:

Ինչպե՞ս է ՓՊ նախագահն ընդունում իրեն հասցեագրված փաստաբան Մուշեղ Շուշանյանի հայտարարությանը, թե ինքը և Պալատը գործիք են դարձել կոնկրետ խնդիր լուծելու համար, Արա Զոհրաբյանը ասաց, որ դա հորինված, չհիմնավորված հայտարարություն է. «Պարոն Շուշանյանը, կարծեմ, ազնվություն պետք է ունենար և նշեր, որ երբ որ քրեակատարողական հիմնարկում խուզարկության փորձ էին կատարում իր նկատմամբ, ես ինքս անձամբ զանգահարեցի նրան, խնդրեցի պատմել ոնց է եղել, խնդրեցինք, որ մեզ ուղարկի որոշումը նրա մուտքն արգելելու մասին և իր առիթով եմ ես հանդիպումները կազմակերպել ու գնացել առաջ: Հիմա պարոն Շուշանյանը դա չի տեսնում կամ չի ուզում տեսնել, միևնույն է, անկախ իր մոտեցումներից՝ մենք մեր գործն անելու ենք։ Ինձ ընտրել են փաստաբանները, ինձ կարող են միայն փաստաբանները «ճնշել», ես փաստաբանների շահերի դեմ քայլ անել չեմ կարող և չի կարող որևիցե քաղաքական ուժ ինձ ճնշել»։

Մեր հարցին՝ ե՞րբ է պատրաստվում ՓՊ նախագահը հանդես գալ խոստացված համերաշխության կոչով եւ այս քննարկմանը ներկա գտնվելը համերաշխության քա՞յլ է, Զոհրաբյանը պատասխանեց՝ մոտ օրերս հանդես կգա համերաշխության կոչով. «Ես այստեղ եկա նաև որպես համերաշխության քայլ»:

Աննա Պապիկյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X