Իսկ Ադրբեջանն ուզու՞մ է

Քաղաքական-փորձագիտական-վերլուծաբանական դիսկուրսում կար, իսկ «Ելքի» նախաձեռնության ֆոնին ավելի է տարածվում տեսակետ, որ հայ-ռուսական հարաբերությունների վերանայման պարագայում «Ռուսաստանը կփոխի մոտեցումը, Ադրբեջանի հետ ավելի սերտ կհամագործակցի, եւ Արցախի հարցում կունենանք կորուստներ»:

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այդպես է մտածում մեր ժողովրդի մեծ մասը, բայց դա չի նշանակում, թե քաղաքական գործիչները, փարձագետները եւ վերլուծաբանները պետք է կրկնեն շարքային քաղաքացու տեսակետը կամ գտնվեն նրա պատկերացումների ազդեցության տակ: Էլիտան պետք է ավելի դիտողունակ եւ հեռատես լինի: Այս առումով հարկ է ելնել ոչ թե ստատուս-քվոյից, այլ օբյեկտիվ հեռանկարից՝ Արցախի խնդիրը մի ինչ-որ X պահի կարգավորվելու է, եւ դա, որքան էլ մեզ համար ցավալի հնչի, չի լինելու փաստացի իրավիճակի իրավաքաղաքական համապարփակ ամրագրում: Մենք ինչ-որ բան զիջելու ենք, փոխարենն ստանալով մեր հասանելիքը: Այս իմաստով երկրի քաղաքակրթական ընտրությունը չպետք է պայմանավորել ստատուս-քվոյով, որովհետեւ, կրկնենք, այն հավերժական չէ: Ավելին, հավերժացնելու մեխանիզմներ եւ ռեսուրսներ չկան: Աշխարհը նույնիսկ չի ընդունում Ղրիմի բռնակցումը, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Անգամ ԱՄՆ-ից եւ ԵՄ տասնյակ երկրներից ճանաչված Կոսովոյի առջեւ փակ է ՄԱԿ-ի անդամակցության դուռը: Բայց խնդրին եկեք նայենք հակառակ կողմից՝ իսկ Ադրբեջանն ուզու՞մ է Ռուսաստանի, ուշադրություն դարձրեք՝ միայն Ռուսաստանի, միջոցով լուծել Արցախի հարցը: Այսինքն՝ ամբողջովին հանձնվել Ռուսաստանին, Իրանի հետ սահմանի վերահսկողությունը վերապահել նրան, իր տարածքում պահել ռուսական ռազմաբազաներ, միայն թե «ունենա Ղարաբաղը»:

Պատասխանը մեկն է եւ միանշանակ՝ ոչ, այդ գնով Ադրբեջանին հարցի կարգավորումը բոլոր առումներով ձեռնտու չէ: Ռուսաստանի հետ Ադրբեջանը որեւէ շահ եւ քաղաքակրթական ընդհանրություն չունի: Ադրբեջանական մենթալիտետը եղել եւ մնում է գերազանցապես հակառուսական, իսկ քաղաքական դասի մի զգալի հատվածը գտնում է, որ Ռուսաստանը «մասնատել է միասնական Ադրբեջանը»: Ադրբեջանում դա, կարելի է ասել, համաժողովրդական ընկալում է, որն ամրապնդվել է անկախության տարիներին՝ սնուցվելով պետական քարոզչությունից: Ինչ էլ որ լինի, ռուս-ադրբեջանական հարաբերություններն ավելի չեն սերտանալու, քան այսօր են:

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարելի է բացատրել քաղաքական կամ քաղաքակրթական ընտրությամբ, տնտեսական նպատակահարմարությամբ կամ ընդհանրապես կատարվածով եւ անփոփոխելիությամբ, բայց ոչ երբեք՝ Արցախի խնդրով: Անցած երեք տարիներն այս առումով մեզ լրացուցիչ ռեսուրս չեն բերել, չեն բերելու նաեւ ապագայում, եթե ԵԱՏՄ-ն գոյությունը պահպանի անգամ կես դար: Նույն կերպ էլ այդ կառույցի լուծարումը ողբերգություն չի լինի:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X