ՀՅԴ-ն որոշել է հետ չմնալ ՀՀԿ-ից եւ ԼՀ-ից. նոր քաղաքական դպրոց

Վերջին շրջանում նորաձեւ է դարձել կուսակցությունների կողմից քաղաքական դպրոցներ բացելը, որոնց նպատակը երիտասարդների «ուղեղները լվանալն» է, ապագա կուսակցականներ, քաղաքականապես կողմնորոշված անձանց մեծացնելը։ Առաջին ծիլը տվեց ՀՀԿ-ն իր Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցով, որի նպատակն էր քաղաքագիտական նոր միտք բերելը, կրթական ծրագրերի ﬕջոցով բարելավել կուսակցության անդաﬓերի և համակիրների կազմակերպչական և ինտելեկտուալ կարողությունները: ՀՀԿ-ից հետ չմնաց Լուսավոր Հայաստանը՝ բացելով իր լիբերալ քաղաքական դպրոցը. Սրա նպատակն էլ պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ և դառնալ ժողովրդավարության առաջամարտիկներ: Այժմ էլ Դանշակցության Հրայր Մարուխյան հիմնադրամն է ստանձնել երիտասարդներին քաղաքականապես կրթելու գործը, այն կոչվելու է քաղաքական ազատ լսարան։

«Քաղաքական ազատ լսարանի»-ի դասախոսները կլինեն Հայաստանում և Սփյուռքում հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, գիտնականներ և փորձագետներ: Լինելու է երկամսյա անվճար դասըթաց։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ սկզբում ցանկացողները պետք է գրանցվեն, այնուհետեւ անցնեն մրցութային փուլը: Կիրո Մանոյանի խոսքով՝ մասնակիցների թվի սահմանափակում է լինելու, եթե դիմողների թիվը շատ լինի, նախապատվությունը կտրվի մինչեւ 35 տարեկաններին, չնայած, որ տարիքային սահմանափակում չկա։ Նրա խոսքով՝ արդեն որոշ մարդիկ դիմել են, վերջնաժամկետն էլ սեպտեմբերի 20-ն է։

ՀՅԴ-ից մեզ տեղեկացրին, որ դպրոցը գործելու է սեպտեմբերի 22-ից, դասավանդելու են պատգամավորներ, նախարարներ, հայտնի գործիչներ ոչ միայն Դաշնակցությունից, այլեւ այլ կուսակցություններից:

Մեկնաբանություն
X