Ո՞ւմ անունով կոչել գեղարվեստի ակադեմիան․ ցուցակում մեկն է

«Ճիշտն ասած, այդ գործն ինձանից շատ ժամանակ և եռանդ է խլելու, բայց պատմական գործ է»․- Մարտիրոս Սարյանին ուղված նամակում գրել է քանդակագործ Արա Սարգսյանը, նա խոսում էր Երևանում գեղարվեստի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման գաղափարի մասին։

Քանդակագործի թոռնուհին՝ Աննա Սարգսյանը, այսօր հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ Հայաստանի գեղարվեստի ակադեմիան չեն անվանակոչում իր պապի անունով, չէ՞ որ ակադեմիան ստեղծվել է նրա ջանքերով, ավելին Արա Սարգսյանը 15 տարի ռեկտոր է աշխատել այնտեղ․ «Նրան ռեկտորի պաշտոնից հանեցին այն ժամանակ, երբ 59 թվականին ցուցահանդեսով Բրյուսել էր մեկնել և հանդիպել եղբոր հետ, որին ինքը թաքցրել է, քանի որ եղբայրը դաշնակցական է եղել։ Նրան շատ հալածել են։ Նա Նեմեսիսի անդամ է եղել, դա վերջերս ենք հայտնաբերել։ Նա իր ամբողջ կյանքը զոհաբերել է ժողովրդի համար, ստեղծել է նաև նկարիչների միությունը, բայց տարել են նրա անունով փողոց են անվանակոչել ծայրամասային թաղամասերում»․- նշում է Աննա Սարգսյանը։ Քանդակագործի թոռնուհին երկու անգամ դիմել է կրթության և գիտության նախարարություն՝ խնդրելով գեղարվեստի պետական ակադեմիան անվանակոչել Արա Սարգսյանի անունով, երկու անգամ էլ նրա դիմումները մերժվել են։

Երբ 2015 թվականին՝ գեղարվեստի ակադեմիայի 70-ամյակին, դիմել է ԿԳՆ, նրան պատասխանել են, որ այդ հարցը քննարկվել է Գեղարվեստի ակադեմիայի գիտական խորհրդի նիստում, միաժամանակ ուղարկել են նիստի արձանագրության քաղվածքը։ Աննա Սարգսյանը վիրավորվել է՝ կարդալով արձանագրությունը։ Խնդիրն այն է, որ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, ելույթ ունենալով, նշել է, թե ․ «Գեղարվեստի ակադեմիան նրա անունով կոչելը կնշանակի բուհի վարկանիշը մի քանի աստիճանով իջեցնել։ Անշուշտ, Մարտիրոս Սարյանն այն արվեստագետն է, ով հեղաշրջում է արել 20-րդ դարի հայ կերպարվեստում և արժանի է, որ ակադեմիան կոչվի իր անունով»։ Ի վերջո, որոշվել է՝ եթե հետագայում անվանակոչության խնդիր լինի, ապա կքննարկեն Մարտիրոս Սարյանի անվամբ կոչելու հարցը, «հետմահու կոնֆլիկտ» առաջացնելով երկու ընկերների միջև։

Տիկին Աննան որոշել է հրապարակել իր պապիկի և Մարտիրոս Սարյանի երկու նամակները, որտեղ երկու արվեստագետները քննարկում են կրթօջախի աշխատանքները, ընդգծելու համար, որ ակադեմիայի ստեղծման աշխատանքների ողջ ծանրությունը տարել է իր պապը։ Ի դեպ, նշենք, որ բազմաթիվ հոդվածներում կարելի է կարդալ, որ գեղարվեստի ակադեմիայի գաղափարն իրագործելու համար Մարտիրոս Սարյանն ու Արա Սարգսյանը քանիցս մեկնել են Մոսկվա՝ թույլտվության հետևից։
1944թ․ հունիսի 10-ի նամակում Արա Սարգսյանը երկար է գրել իր ընկերոջը, թե ինչպես է թողել մյուս աշխատանքները կրթօջախի գաղափարն իրագործելու նպատակով, այս նամակով նա խնդրում է նաև Սարյանին գալ և միանալ աշխատանքներին․ «Հայկական գեղարվեստական ինստիտուտի անունը սերտորեն կապված պետք է լինի մեր մեծագույն արվեստագետի հետ՝ Սարյանի հետ, ամենապատվավոր տեղը նրանն է լինելու մեզ մոտ։ Սրանով ուզում էի հարցնել քեզ, որ հոկտեմբերին, երբ ինստիտուտի բացումը լինի, դու լինեիր հանդիսավոր բացում կատարողը․․․ Յուրաքանչյուրի դեկանը և պրոֆեսորը, պարզ է, որ լինելու է այն մեծ արվեստագետը, որին ես այս նամակն այժմ գրում եմ»։ 6 օր անց Մարտիրոս Սարյանը Մոսկվայի հիվանդանոցից պատասխանում է․ «Այս դրության մեջ կարդացի քո երկար, բովանդակալից, գործնական նամակը․․․ Ազդվեցի, հուզվեցի ներկայացնելով աչքիս առաջ այդ մեծ, պատասխանատու գործը և նրա վրա թափվելիք աշխատանքը, ապա ուրեմն և եռանդը։ Սիրտս ասում է՝ դա քո բանը չէ, մի կերպ վերջացրու գործերդ, ախորժակդ կրճատիր և եղիր «միշտ պատրաստ»։ Ես արդեն կանգնել եմ հերթի»։

Նշենք, որ Արա Սարգսյանը Ազատության հրապարակում Ալ․ Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի արձանների հեղինակն է, նրան է պատկանում նաև ԵՊՀ-ի Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանը։

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X