Ինչո՞ւ են Վրաստանից Հայաստան գալիս կրկնակի ստուգում անցնում

Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր ենք ստացել մի շարք քաղաքացիներից, ովքեր ուշադրություն են հրավիրում Վրաստանից Հայաստան ուղևորվելիս սահմանային անցման ընթացքում որոշակի անհարմարություններին: Նրանք հիմնականում նշում են, որ Վրաստանից Հայաստան գալիս՝ Բագրատաշենի անցակետում, քաղաքացիներն անձնագրային պարտադիր ստուգում են անցնում և ենթարկվում մաքսային զննության (մեքենաներն ու ուղեբեռը)՝ հատելով մաքսային սահմանը:

Որպես կանոն, մաքսային մարմնի աշխատողներն անպայման ստուգում են ավտոմեքենաների բեռնախցիկները, մաքսավորը ճշտող հարց է տալիս վարորդներին մաքսային ձևակերպման ենթակա ապրանքների առկայության մասին։ Քաղաքացիները նշում են, որ այս ստուգումը թերևս նորմալ կլիներ, եթե չլիներ հաջորդող ուղեփակոցի մոտ փաստացի «երկրորդ անցակետի» առկայությունը, որտեղ կրկնվում է միևնույն գործողությունը՝ անձնագրի ստուգումից (արդեն առանց ձևակերպման) մինչև բեռնախցիկի ստուգում և մաքսավորի հարցում հայտարարագրման ենթակա ապրանքի մասին: Ստուգումն իրականացվում է մեկ մաքսային ծառայողի և մեկ սահմանապահի կողմից:

Մարդիկ տարակուսած են կրկնակի ստուգումներից, արդյոք կա որեւէ օրենսդրական կարգավորում, կրկնակի ստուգումը օրենքի պահանջ է, թե ոչ: Տրամաբանության ենթակա չէ նաև այն վարկածը, որ ստուգումն իրականացվում է ներքին վերահսկողության նկատառումներով, քանզի այս դեպքում այդ վերահսկողությունը ճիշտ վարչարարության պայմաններում պետք է իրականացվի քաղաքացիների համար ոչ նկատելի և նրանց համար հավելյալ պարտավորություններ չստեղծելով։

Ահազանգի վերաբերյալ հարցում էինք ուղարկել ՊԵԿ, որտեղից մեզ պատասխանել են․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ գրության մեջ նշված «երկրորդ անցակետը» գտնվում է սահմանային անցակետի ելքի մոտ, որտեղից ՀՀ մաքսային սահմանող տեղափոխվող ապրանքները բաց են թողնվում ՀՀ տարածք: Այստեղ մաքսային ծառայողների կողմից իրականացվում է հսկողություն անցակետից դուրս եկող մաքսային ձևակերպման ենթակա ապրանքների և դրանց համար պահանջվող փաստաթղթերի լրացված լինելու փաստի նկատմամբ: Հետևաբար, տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե «կրկնակի ստուգման», այլ պետական (մաքսային) սահմանի անցման կետում տեղակայված մաքսային հսկողության գոտու տարածքից ելքի ժամանակ իրականացվող մաքսային հսկողության հետ, ինչն, ընդհանուր առմամբ, կարգավորվում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 3-րդ բաժնով:

Միաժամանակ տեղեկացնենք, որ անձնագրային հսկողություն մաքսային մարմինների կողմից չի իրականացվում, այն իրականացվում է ՀՀ ԿԱ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից»:

Մեկնաբանություն
X