Յունայթեդի առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մանչեսթեր Յունայթեդը սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարական Բազելին: Կարմիր Սատանաների երկրպագուները երկար էին սպասում Չեմպիոնների Լիգայի առաջնությանը, վստահաբար սպասում էին նաև Յունայթեդի վառ դեմքերը, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Այս անգամ ևս հիմնական կազմում պորտուգալացի մասնագետը, որոշակի փոփոխություններ էր կատարել՝ աջ պաշտպան Անտոնիո Վալենսիային փոխարինում էր Էշլի Յանգը, ով վաղուց դուրս չէր եկել խաղադաշտ, պաշտպանության կենտրոնում հանդես էին գալիս Սմոլինգը և շվեդ Լինդելյոֆը, Մատիչն ու Պոգբան կիսում էին կենտրոնը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս ենթահարձակվողի դիրքում, հարձակման ձախ եզրում Անթոնի Մարսիալն էր, աջից՝ Խուան Մատան, ով խաղի ընթացքում բավականին ակտիվ կերպով տեղաշարժվում էր կենտրոն, նաև մերթընդմերթ հայտնվում էր հարձակման ձախ եզրում:

Յունայթեդը հանդիպման հենց առաջին րոպեններից թելադրում էր խաղի ողջ ընթացքն ու տրամաբանությունը, խաղային բացարձակ առավելությունը ունենալով՝ Մանկունյանցիները գրոհներ էին կազմակերպում, խոյահարում Բազելի դարպասը: Արդեն 2-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կարող էր բացել խաղի հաշիվը: Հանդիպման 18-րդ րոպեին ի դժբախտությունը Յունայթեդի վնասվածք ստացավ Պոլ Պոգբան, նրան փոխարինեց Մարուան Ֆելաինին և կարելի է ասել դարձավ այս հանդիպման գլխավոր հերոսը:

21-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց իրացնել ընձեռված գոլային լավ հնարավորությունը, Լուկակուի փոխանցումից հետո Մխիթարյանի առաջին հարվածը դիպավ դարպասաձողին, երկրորդը՝ չեզոքացրեց արդեն Բազելի դարպասապահը: Առհասարակ Մխիթարյանը լավ հանդիպում անցկացրեց, մեծ ծավալի աշխատանք կատարելով՝ Հենոն գրոհներ էր կազմակերպում, սուր ճեղքումներ անում, ամեն պարագայում միշտ միտված էր դեպի հակառակորդի կիսադաշտը, միայն դարպասին ուղղված վերջին հարվածները չէին ստացվում:

35-րդ րոպեին Պոգբային փոխարինած Մարուան Ֆելաինին գլխի դիպուկ, անկասելի հարվածով բացեց խաղի հաշիվը: Կարծես Ֆելաինիի ճակատագիրն է այսպիսին, երբ նրան խիստ քննադատության են ենթարկում, Մարուանը դուրս է գալիս խաղադաշտ և մեն-մենակ վճռում հանդիպման ելքը՝ լռեցնելով բոլորին:

Երկրորդ խաղակեսում նույնպես խաղի պատկերը չփոխվեց, Յունայթեդը հսկայական առավելություն ուներ և Բազելին ոչ մի շանս չէր տալիս: Բլինդի փոխանցումից հետո՝ 53-րդ րոպեին, Չեմպիոնների Լիգայում իր գոլերի հաշիվը բացեց Յունայթեդի գլխավոր ռմբարկու՝ Ռոմելու Լուկակուն: Ընթացքում գոլային չիրացրած լավ պահեր ունեցան՝ թե Մարսիալը, թե Յանգը, նույն ինքը՝ Լուկակուն, իսկ ահա փոխարինման դուրս եկած Ռաշֆորդը իր շանսը բաց չթողեց, Մարուան Ֆելաինիի փոխանցումից հետո երիտասարդ հարձակվողը խփեց իր թիմի երրորդ գնդակը:

Չեմպիոնների Լիգայի այս առաջնությունում Մանչեսթեր Յունայթեդը 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ իր առաջին խաղում, հաջորդ մրցակիցը լինելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ն:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X