Կարեն Կարապետյանի առաջին եւ վերջին տարին.Regnum

Մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվեց Հայաստանի վարչապետ: Իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նոր կառավարությունը խոստացավ բարեփոխումներ, պայքար կոռուպցիայի դեմ, բազմամիլիոն ներդումների ներգրավում: Մեկ տարի անց, սակայն, կարելի է փաստել, որ այն բոլոր խոստումները, որոնք տրվել են կառավարության կողմից, մնացել են թղթի վրա, իսկ իրական կյանքում երկրի քաղաքացիները չեն զգում իրենց վրա այդ բաերփոխումների արդյունքները եւ շարունակում են հեռանալ երկրից ապրուստի որոնումներով: Սեպտեմբերի 13-ին կառավարության մամուլի ծառայությունը տարածել էր կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում արձանագրած արդյունքները: Եթե թվերին անդրադառնանք, տնտեսության վիճակը Հայաստանում բավականին վատ չէ: Սակայն պաշտոնական վիճակագրությանը հավատալն անշնորհակալ գործ է, քանի որ վաղուց է հայտնի, որ Ազգային վիճակագրական ծառայությունը չի խորշում թվեր նկարելուց: Իսկ իրականությունը հասկանալու համար պետք է ելակետ ընդունենք այն, որ տնտեսությունը նախ եւ առաջ մարդիկ են, որոնք շարունակում են հեռանալ երկրից եւ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն ի վիճակի չէ այդ թվերը թաքցնել:

Կառավարության 100 օրվա ամփոփման առնչությամբ REGNUM-ի տված գնահատականները կարելի է նույնությամբ ասել նաեւ մեկ տարվա գործունեության ամփոփման առնչությամբ: Ըստ ամենայնի, քիչ բան է փոխվել: Ամենակարեւորը՝ չի փոխվել կառավարման տրամաբանությունը, եւ իշխանությունը շարունակում է սպասարկել ոչ թե հասարակ քաղաքացու շահը, այլ կառավարող վերնախավում հայտնված նեղ շրջանակի: Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանը նոր- նոր կարողանում էր ուշքի գալ ոստիկանական գնդի զինված գրավումից, որը տեղի էր ունեցել Երեւանի կենտրոնում եւ հասարակության տոտալ դժգոհությունը երկրում տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ առաջ էր բերել անհրաժեշտություն քաղաքական վերալիցքավորում անելու: Նման դեպքերում Սերժ Սարգսյանը մշտապես կիրառում է կառավարության փոփոխության մեթոդը: Այսպես պաշտոնաթող եղավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ դժգոհությունն այն աստիճան էր հասել, որ ընդդիմությունը սպառնում էր շուրջօրյա ցույցերի անցնել: Կառավարության հրաժարականով Սարգսյանը կարողացավ վերահսկելի կերպով մեղմել հանրային դժգոհությունը: Եթե մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը համարվում էր իրական այլընտրանք Սերժ Սարգսյանին եւ նրա իսկ խոսքերով՝ հանդիսանում «փոփոխությունների յուրօրինակ խորհրդանիշ», ապա այսօր նա ընկալվում է որպես տեխնիկական վարչապետ, որը կաշխատի մինչեւ Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ավարտը: Պարզ է դառնում նաեւ այն, որ Կարապետյանի նշանակումը այն մեծ պլանի մի հերթական մասն էր, որի շնորհիվ Սարգսյանը կմնա իշխանության ղեկին ցմահ: Եվ հարցն այստեղ միայն այն է, թե ինչ կարգավիճակով: Ամեն բան տանում է նրան, որ Սերժ Սարգսյանը կնախընտրի վարչապետի բազմակթոռը եւ ոչ թե քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնը:

Իոսիֆ Կուբաթյան
Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի

Մեկնաբանություն
X